05/11/2010 11:39
Թուրքիան և Ադրբեջանը պետք է օրինակ վերցնեն Սերբիայից
«Սա իրոք մարդասիրական քայլ էր և ցույց է տալիս, որ Սերբիան և նրա նախագահը եվրոպական արժեքների կրող են: Եվ ինչպես ժամանակին Գերմանիայի ղեկավարները ներողություն խնդրեցին հրեա ժողովրդից՝ ցեղասպանություն իրականացնելու համար, այսօր էլ այդ ճանապարհով գնում է Սերբիան՝ ցույց տալով, որ համամարդկային արժեքները եվրասիական տարածաշրջանում գերիշխող են»,- անդրադառնալով Սերբիայի նախագահի Խորվաթիա կատարած այցին և այնտեղ հնչեցրած հայտարարություններին՝ Aysor.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ նախօրեին Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ժամանել է Խորվաթիա և պաշտոնական ներողություն խնդրել՝ Վուկովարում սերբերի կողմից իրականացված խորվաթների ջարդի համար:
«Այստեղ պետք է հաշվի առնել այն փաստը, որ և՛ Սերբիան, և՛ Թուրքիան փորձում են անդամակցել Եվրամիությանը ու այդ երկու երկրներն էլ որդեգրել են եվրոպական արժեքներին և եվրոպական կառույցներին անդամակցելու քաղաքականություն»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակը:
Խորհրդարանականի կարծիքով՝ սրանից պետք է օրինակ վերցնեն հարևան Թուրքիայի ղեկավարները և ներողություն խնդրեն 1.5 միլիոն հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության համար, այլ ոչ թե իմիտացիոն քայլեր կատարեն:
Պատգամավորի համոզմամբ՝ սա լավ օրինակ կլինի ոչ միայն Թուրքիայի, այլ նրա կրտսեր եղբոր Ադրբեջանի համար, որը ցանկացած պատեհ կամ անպատեհ առիթ օգտագործելով փորձում է ռազմատենչ հայտարարություններ անել, սակայն Ադրբեջանում սպասվող ընտրություններից առաջ շատ ավելի լավ կլիներ, որ նրանք դասեր քաղեին պատմությունից և ներողություն խնդրեին հայ ժողովրդից՝ մի շարք ադրբեջանական քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, ինչպես նաև բուն Արցախում էթնիկական զտումներ իրակնացնելու համար: