12/11/2010 12:33
Ռ.Զոհրաբյան. Տեր-Պետրոսյանը` «Ադրբեջանի խոսնակ Հայաստանում»
Հայաստանի Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունն արդեն քսան տարի է Նժդեհի ցեղակրոն գաղափարախոսությունն է, և հարց է, թե ինչու՞ Տեր-Պետրոսյանը միայն հիմա է դա նկատել, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` արձագանքելով Սերժ Սարգսյանի վերջին ելույթներից մեկի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականին:
Հիշեցնենք, որ ընդդիմության առաջնորդն Ադրբեջանի վերաբերյալ ՀՀ նախագահի ելույթը «ռասիստական» էր անվանել:
Ըստ բանախոսի` Սերժ Սարգսյանի հայտարարությունը ռասիստական անվանելը կապված է ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբիի հետ:
«ԵԽԽՎ-ում ադրբեջանցի մի պատգամավոր նամակ էր հղել Մեվլյութ Չավուշօղլուին` պահանջելով դատապարտել այս հայտարարությունը», - մանրամասնեց Ռ.Զոհրաբյանը` Տեր-Պետրոսյանին անվանելով «Ադրբեջանի խոսնակ Հայաստանում»:
«Հայաստանի Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը ռասիստական չէ, այլ չափավոր ազգայնական, և եթե դա չլիներ, Նժդեհը չէր պահի Զանգեզուրը, իսկ եթե Զանգեզուրը անցներ Ադրբեջանին, ապա Հայաստանը ԽՍՀՄ կազմում ընդամենը ինքնավար մարզ կլիներ, հետևաբար չէր լինի Մատենադարանը, և Տեր-Պետրոսյանը այնտեղ չէր աշխատի»,- եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը: