19/11/2010 13:41
ՀՀ ազգային հերոսներն ու Արցախի հերոսները` մի գրքում
Առաջին անգամ հայ իրականության մեջ ամբողջությամբ հրատարակվել է «ՀՀ ազգային հերոսներ, Արցախի հերոսներ» կենսագրական գիրքը:
Այսօր գրքի շնորհանդեսին կենսագրական տեղեկատուի հեղինակ ՀՀ ՊՆ Մայր Հայաստան զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանն ասաց, որ այն հրատարակվել է Հայաստանի հանրապետական կուսակցության ջանքերով՝ վերջինիս 20 ամյակի կապակցությամբ:
«Գրքույկն ունի ռազմահայրենասիրական ու դաստիարակչական նշանակություն: Նպատակ ենք հետապնդել պատասխանել ներկա պայմաններում ՀՀ-ի ներսում մեր բանակի հասցեին հնչող վայրահաչություններին, ինչպես նաև արտաքին ոլորտում ադրբեջանցիների կողմից հնչող հոխորտանքներին»,- ասաց Հարությունյանը:
Գրքի խմբագիր պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանն էլ հավելեց, որ գիրքն առաջին հերթին ճանաչողական նշանակություն ունի. «Դուք տեսաք, թե ադրբեջանցիներն իրենց դիվերսանտներին ինչպիսի պատվով թաղեցին ու ազգային հերոսի կոչում տվեցին: Մենք որ մեր ազգային հերոսներին չիմանանք, ուղղակի ցավալի է»:
Գիրքն առայժմ տպագրվել է 500 տպաքանակով՝ նկատի ունենալով առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումները. ազգային հերոսների ու արցախյան հերոսների դիմանկարներով վերնաշապիկներով ՀՀԿ երիտասարդական թևը հաջորդ երեքշաբթի ու չորեքշաբթի կազմակերպելու է այցելություն ազգային հերոսների գերեզման՝ որտեղ էլ որ նրանք հուղարկավորված լինեն՝ մարզեր, ԼՂՀ, Եռաբլուր:
15 ազգային հերոսների ու 20 Արցախյան հերոսների ինքնակենսագրականով (ի դեպ, Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանն ու Յուրի Պողոսյանն արժանացել են 2 այս բարձրագույն կոչումներին էլ) այս գրքույկն անվճար բաժանվելու է երիտասարդությանն ու բուհերին:
Նախատեսվում է գրքի ավելի մեծ խմբաքանակի տպագրություն: Այն վաճառքում չի լինի: Նախատեսվում է գիրքը թարգմանել նաև պարսկերեն, քանի որ զինվորական թանգարան այցելողների զգալի մասն Իրանի բնակիչներ են:
Կենսագրական այս տեղեկատուի բոլոր տվյալները կարելի է գտնել նաև mayrhayastan.am կայքում: