27/11/2010 12:35
«ԱրմենՏել». Hi-line-ի սահմանափակումների խնդիրն արդեն լուծվել է
Այսօր առավոտից Aysor.am-ի խմբագրությունում ստացվել են ահազանգեր, որ «ԱրմենՏել» ընկերության Hi-line կապը չի գործում:
«Մարդիկ առավոտից փորձել են օգտվել կապից, չի ստացվել, կապը չի հաստատվում: Ինչ-որ կոդ է պահանջվում, կոդի խախտում է ցույց տալիս»,- ասաց զանգահարողներից մեկը:
Պարզելու համար թե խնդիրն ինչում է, Aysor.am-ը զանգահարեց «ԱրմենՏելի» սպասարկման բաժին` 1-09: Երկարատև սպասումից հետո` ուղիղ 40 րոպե անց, օպերատորն ասաց, որ Hi-line-ի հարցով պետք է դիմել 1-00, իսկ հարցիս, թե ինչու են այդքան ուշ պատասխանում հեռախոսազանգին, ընկերության աշխատակցուհին ասաց. «Ուշ չենք վերցնում, պարզապես զանգերը շատ են, դա է պառճառը, որ ձեր զանգն ավելի ուշացումով է լսվում»:
1-00 ծառայությունում մեզ հայտնեցին, որ «ժամանակավոր սահմանափակումներ կան, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ծառայության վերականգնման համար», նաև հավաստեցին, որ խնդիրն օրվա մեջ անպայման կլուծվի:
«ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ գիշերը ժամը 2-ին միջադեպ է եղել. «Սերվերների վրա խնդիր է եղել, բայց շատ արագ լուծվել է»: Նա նաև նշեց, որ քանի որ հարցը սպառված է, սպասարկման ծառայությունը ևս կփոխի հաղորդագրությունը: Ըստ Ա. Բեղլոյանի, հոսանքի հաճախակի տատանումների պատճառով սերվերը «ռեստարտ» է լինում, ինչը տևում է 15 րոպե, բայց այդ պահին ինտերնետին միացած բաժանորդները պետք է իրենք ևս իրենց մոդեմները անջատեն և կրկին միացնեն:
Հեռախոսազանգին սպասարկողի ուշ պատասխանի վերաբերյալ Ա. Բեղլոյանը հավաստեց, որ ծառայությունը ծանրաբեռնված է. «Երևի միջադեպի համար զանգերը շատ են եղել»:
Հանրային խորհրդի Սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Արշակ Սադոյանը Aysor.am-ին հայտնեց, որ հանձնաժողովում չեն դադարում «ԱրմենՏելի» դեմ ստացվող բողոքները: Ինտերնետ կապի ծառայության որակի հետ կապված նա նշեց, որ հիմնական բողոքն այն է, որ չեն ապահովվում պայմանագրում նշված չափանիշները: Ա. Սադոյանը նաև հավելեց, որ բազմաթիվ բողոքներ էլ կան պայմանագրերում տեղ գտած թյուրըմբռնումների ու «մանր խարդախությունների» վերաբերյալ: