01/12/2010 14:09
ՀՌԿԿ-ն հետազոտել է Հարավկովկասյան երկրներում առկա վիճակը
Հարավկովկասյան 3 երկրներում, 2009 թ. աշնանն անցկացված հարցումների համաձայն, համընդհանուր մտահոգության առարկա շարունակում են մնալ գործազրկությունը, աղքատությունը, կոռուպցիան, արտաքին աշխարհաքաղաքական իրավիճակը, սակայն այդ հիմնախնդիրների առաջնայնությունը նկատելիորեն տարբեր է: Ինչպես այսօր Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում միաժամանակյա անցկացված հետազոտական արդյունքների շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հայաստանյան տնօրեն Հեղինե Մանասյանը, Հայաստանում հարցվածներին ամենից ավելի հուզում են գործազրկությունը և կոռուպցիան (այդ հիմնախնդիրներն են մատնանշել հարցվածների համապատասխանաբար 29 և 18 %), Վրաստանում` գործազրկությունը (32 %) և խաղաղությունը (17 %), իսկ Ադրբեջանում` տարածքային ամբողջականությունը (42 %) և գործազրկությունը (18 %):
«Հարցումները բացառիկ հնարավորություն են տալիս համեմատելու Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում առկա կացությունը, հետևելու դրա տարեցտարի զարգացումներին»,- ասաց Հ. Մանասյանը:
Շրջապատող տնային տնտեսությունների համեմատ իրենց տնտեսական կացությունը միջին են համարել Հայաստանում հարցվածների 61 %-ը, Ադրբեջանում և Վրաստանում հարցվածների 51 և 52 %-ը: Մեկից տասը միավորանոց սանդուղքի վրա իրենց տնտեսությունը բարձր՝ 8-10 միջակայքում են համարել Հայաստանում հարցվածների միայն 1,5 %-ը, իսկ ամենաստորին 1-2 միջակայքում` 18 %-ը:
Ըստ երկրների բավական հետաքրքրաշարժ են նաև կառավարման համակարգի վերաբերյալ հանրային կարծիքը բնութագրող տվյալները. Հայաստանում հարցվածների 46 %-ը լիովին կամ ավելի շուտ համամիտ է, որ պետական կառավարումը երկրում իրականացվում է օրենքներով, սակայն միայն 22 %-ն է լիովին կամ ավելի շուտ համամիտ, որ երկրի կառավարությունը արդարացի է վերաբերում շարքային քաղաքացիներին: Այդ հարաբերակցությունը Վրաստանում համապատասխանաբար կազմել է 35 և 36 %, իսկ Ադրբեջանում` 56 և 49 %:
Զանազան հանրային ինստիտուտների նկատմամբ վստահությանը վերաբերող հարցերի պատասխաններից երևում է, որ Հայաստանում հանրության կողմից ամենից ավելի մեծ վստահություն են վայելում բանակը (առավելագույն 5 հնարավորից միջինում 4.3 միավոր) և եկեղեցին (4.2 միավոր), մինչդեռ Ադրբեջանում` երկրի նախագահը և բանակը (4.4 և 4.2 միավոր), իսկ Վրաստանում` եկեղեցին և բանակը (4.5 և 4.1):
Շնորհանդեսին ներկա ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը կարևորելով հետազոտության արդյունքները, նշեց, որ տեղեկատվության հավաքագրումը և վերլուծությունը անհրաժեշտ նախապայման են որոշումներ կայացնելու, ռազամավարություններ, քաղաքականություններ մշակելու և նպատակային գործողություններ իրականացնելու համար:
Նշենք, որ երեք հանրապետություններում հարցումն անցկացվել է (սկսած 2004 թ-ից) միասնական ընտրանքային մեթոդաբանությամբ շուրջ 6000 տնային տնտեսություններում: 2009թ. բոլոր երկրներում էլ որպես ընտրանքի շրջանակ օգտագործվել են ընտրական ցուցակները: Հարցվողները պատասխանել են 120 հարցերի` Հարավային Կովկասի երկրներում սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումների վերաբերյալ: