09/12/2010 13:26
Զոհված ազատամարտիկին նվիրված ասուլիսն անցավ առանց լրագրողների
Այսօր Տիգրան մեծ աշխարհազորային գնդի շտաբի պետ առաջին աստիճանի 2- րդ մարտական խաչ շքանշանակիր Տիգրան Սարգսյանի հիշատակի օրվան նվիրված ասուլիսին ներկա չէր ոչ մի լրագրող, բացի Aysor.am-ի թղթակցից:
Տիգրան Սարգսյանի կինը՝ դերասանուհի Լուսինեն ասաց, որ, ցավոք, այսօր լրագրողներին ավելի շատ հետաքրքրում է «քաղաքապետի կոշիկի համարը, քան թե ազգային հերոսի հիշատակի օրը հարգելը»:
Զոհված ազատամարտիկի եղբայր Արա Սարգսյանն էլ Aysor.am-ին ասաց, որ ցանկալի կլիներ՝ օրենքի դաշտը լիարժեք գործեր ու կարգավորվեին զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ կապված սոցիալական խնդիրները, որոնք պաշտոնատար շատ անձանց կողմից չեն պահպանվում:
«Ընտանիքի սոցիալական ապահովության մասին օրենքի չկիրառումը բացասական է անդրադառնում ռազմահայրենասիրական դաստիարակության վրա: Երբ նախկինում գովերգում էին պատերազմի հերոսին, երիտասարդները ոգևորվում էին ու ձգտում դառնալ նրանց նման, բայց հիմա մենք մեծ պրոբլեմներ ունենք. երիտասարդը տեսնում է իր հարևանին, որ հաշմանդամ է մնացել պատերազմում, ու ասում է` ինձ հիմա ի՞նչ եք ասում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2003թ.-ից չի գործում «Մեծն Տիգրան Սարգսյանի» անվան հիմնադրամը, որը զբաղվում էր բուհերում զոհված ազատամարտիկների երեխաներին օժանդակելով: Ա.Սարգսյանի խոսքով՝ պատճառը ֆինանսական խնդիրներն են և զբաղվածությունը: