10/12/2010 17:25
ՀՌԿԿ-Հայաստան. Ամենակոռումպացվածը առողջապահական համակարգն է
Հայաստանում կոռուպցիայով ամենաշատ ախտահարված կառույցներն են` դատախազություն, դատարաններ ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ ոլորտները` առողջապահություն, ընտրական և կրթական համակարգեր: Առավել քիչ կոռումպացված կառույցը համարվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, իսկ ոլորտը` կապը: Սա բացահայտվել է ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի պատվերով Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոններ-Հայաստան-ի (ՀՌԿԿ) կողմից 2010 թ. նոյեմբերին Հայաստանի բնակչության շրջանում անցկացված Կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով, որն այսօր ներկայացվեց լրագրողներին և հանրությանը:
Անդրադառնալով երեկ Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության հրապարակած Կոռուպցիայի բարոմետրի տվյալներին, որոնց համաձայն ՀՀ-ում ամենակոռումպացվածը կրթական համակարգն է, ՀՌԿԿ ծրագրի ղեկավար Եվգենիա Պատուրյանը տեղեկացրեց, որ ի տարբերություն իրենց հարցման, ԹԻ-ն հարցաթերթում չէր ներառել առողջապահությունը և ընտրական համակարգը:
Ե. Պատուրյանը նշեց, որ հարցվածների 1/3-ը կարծում է, որ մարդիկ կոռուպցիոն վարքագիծ են դրսևորում խնդիրը լուծելու այլ տարբերակ չունենալու պատճառով: Չնայած որ հարկ եղած դեպքում հարցվածների 58 %-ը կաշառք կտար, 73 %-ն ասել է, որ առաջարկված կաշառքը չէր վերցնի` հիմնականում կաշառքից հրաժարումը մեկնաբանելով այն հանագամանքով, որ դա նրանց համար ընդունելի չէ: Ընդ որում, առաջարկված կաշառքը «վերցնողներն» էլ որպես պատճառ նշել էին «բոլորն են վերցնում» կամ «փողի կարիք ունեմ» տարբերակները:
Հարցվողների կեսը պատասխանել է, որ կոռուպցիան ամենաշատը տարածված է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում, և ընդամենը 3 %-ն են կարծում, որ կառավարության ջանքերը կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ «շատ արդյունավետ» են:
«Մյուս կողմից, Հայաստանի քաղաքացիները շատ ավելի են տեղեկացված կյանքի տարբեր ոլորտներում կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ»,- ասաց Ե. Պատուրյանը, նշելով, որ եթե նախկինում կենսաթոշակ բաժանելու համար պահվող գումարը որպես կաշառք գնահատում էր լավագույն դեպքում բնակչության մինչև 60 %-ը, ապա այս անգամ այդ ցուցանիշը հասել է 74 %-ի:
Հիշեցնենք, որ ՀՌԿԿ-Հայաստանը ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացրել է կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի 3 հարցում (2008 թ., 2009 թ. և 2010 թ.), որոնցում ընդգրկվել են մինչև 1550 հարցվողներ: