11/12/2010 16:03
Երգչուհի Էմմին ամեն ինչ մոռացել է` հանուն հայրենիքի
«Անցյալ տարի ես մասնակցում էի մրցույթին, որին ներկայացված էին երգիչներ, ոչ թե երգեր: Այս տարի արդեն երգն է մրցելու: Անցյալ տարի դա չեղավ, երևի թե պետք էր, որ լիներ այդպես: Պարզապես, ես Գերմանիան ավելի շատ եմ սիրում»,- այսօր ասուլիս ժամանակ այս մասին ասաց երգչուհի Էմմին` Հանրային հեռուստաընկերության գեղարվեսական խորհրդի որոշման հրապարակումից հետո:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության գեղարվեսական խորհրդի որոշմամբ նա է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում:
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Եվա Ռիվասը: Նախընտրական փուլի քվեարկության արդյունքներից դժգոհ Էմմիի մայրը և պրոդյուսերը` Նադեժդա Սարգսյանը, հայտարարել էր, թե վիճարկելու է քվեարկության արդյունքները, սակայն այդպես էլ որևէ քայլի չէր դիմել:
Լրագրողների այն հարցերին, թե անցյալ տարվա դեպքերից հետո ինչպե՞ս է Էմմին համաձայնել մասնակցել, երգչուհին ասաց. «Այո, վիրավորված եմ եղել, բայց եթե այսօր այստեղ եմ, ելույթ եմ ունենում, ուրեմն ամեն ինչ մոռացել եմ: Երբ խոսքը գնում է հայրենիքի մասին, մոռանում ենք ամեն ինչ, ինչ եղել է: Այնտեղ ես ներկայացնելու եմ եռագույնը»:
Երգչուհու խոսքերով` այս տարի ինքն ավելի մարտական է տրամադրված, քան անցյալ տարի էր: Նա նշեց, որ հետագա հաջողությունները կապված են հանրության հավանությանն արժանացած երգի և կազմակերպչական թիմի հետ: