11/12/2010 13:49
Երևանի քաղաքապետարանում բացվել է բարեգործական տոնավաճառ
Երևանի քաղաքապետարանի շենքում այս պահին ընթանում է «Բարի գալուստ Հայաստան» կին դիվանագետների և դիվանագետների կանանց ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառը: Բարեգործական ակցիային մասնակցում են Հայաստանում հավատարմագրված 22 դեսպանատներ, ՄԱԿ-ի գրասենյակը, 33 այլ կազմակերպություններ: Ինչպես լրագրողների հետ զրույքում հայտնեց ասոցիացիայի նախագահ Նատալյա Նալբանդյանը` բարեգործական տոնավաճառի ողջ հասույթը կտրամադրվի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցին և Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցին:
Տոնավաճառի պաշտոնական բացմանը ներկա գտնվեցին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր առաքելությունների ներկայացուցիչները, պետական այլ այրեր:
Նշենք, որ դեսպանատների տաղավարները տարբերվում են միմյանցից թե ներկայացվող առարկաներով և թե ուղղվածությամբ: Մասնավորապես ազգային ողջ ներկապնակով ներկայացել են Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ղազախստանի և Վրաստանի դեսպանատները:
Գերմանիսայի դեսպանատան այս տարվա «հիթը» ավանդական տաքացրած գինին է, արևելյան խոհանոցի նրբաճաշակ տեսականիով ներկայացել են Սիրիայի և Լիբանանի դեսպանատները:
Նշենք, որ Իրաքը տոնավաճառում ներկայացնում են փախստականի կարգավիճակում Հայաստանում բնակվող իրաքահայերը:
Հիշեցնենք, որ «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի կողմից անցած տարի կազմակերպած տոնավաճառի հասույթը կազմել էր 2 միլիոն դրամ, որը փոխանցվել էր մայրաքաղաքի երեք մանկապարտեզներ բարեկարգմանը:
Տոնավաճառը կընթանա մինչև ժամը 18:00- ն: