14/12/2010 13:19
Մեծ Եղեռնի ճանաչմամբ խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում
Շարունակվում է Երևանում մեկնարկած «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովը: Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման վերաբերյալ ելույթ ունեցան աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած գիտնականներ և փորձագետներ:
Ֆրանսիացի գիտնական Իվ Տերնոնը խոսեց 1948 թվականի Կոնվենցիայի մշակման և ընդունման գործում Ռաֆայել Լեմկինի մեծ ավանդի մասին` նշելով, որ Կոնվենցիայի շնոհիվ հնարավոր դարձավ ճիշտ գնահատականներ տալ ոչ միայն Հոլոքոստին, այլ նաև` Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի ոճրագործություններին:
Արգենտինայից Լեանդրո Դեսուին խոսեց Ցեղասպանության ճանաչման միջազգային անհրաժեշտության մասին: Ըստ արգենտինացի գիտնականի` միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում:
«Միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչումը, բացի տարածաշրջանում խաղաղություն հաստատելուց, հող կնախապատրաստի նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ներկայացվող սպառնալիքները», - հայտարարեց փորձագետը:
Ի դեպ, Լեանդրո Դեսուին ՄԱԿ-ում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակներից է: Նա իր խոսքում նաև շեշտեց, որ ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստել է հայկական Սփյուռքը:
Դոննա-Լի Ֆրիզը Ավստրալիայից անդրադարձավ մշակութային ցեղասպանության խնդրին, իսկ Լիբանանից Վաիլ Նիկոլաս Կեյնը խոսեց ցեղասպանությունների բնորոշման, ինչպես նաև Կոնվենցիայի հիմքերի և հեռանկարների մասին:
Նշենք, որ միջազգային գիտաժողովին մասնակցում են Ֆրանսիայից, Արգենտինայից, Շվեյցարիայիօց, Բելգիայից, Նիդեռլանդներից, Հունաստանից, Իռլանդիայից, Հունգարիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Եգիպտոսից, Ճապոնիայից ժամանած հեղինակավոր գիտնականներ և փորձագետներ: