14/12/2010 12:25
Ս.Սարգսյան. Կոծկել սեփական մեղքը` կատարել նոր հանցագործություն
«Ցեղասպանության դառը դասերը մարդկության պատմության հիշողության մեջ մնացին որպես անցյալի դառը հուշեր: Ցավոք, ժխտողականությունն ու ցեղասպանության ուրացումը դեռևս շարունակում են տեղ գտնել մեր աշխարհում», - այսօր Երևանում ընթացող «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով, ցեղասպանության կանխարգելմանն ուղղված դեռևս համարժեք մեխանիզմների բացակայության կամ անկատարության հանգամանքները հանգեցրել են նրան, որ մարդկությունը շարունակում է ապրել նոր ցեղասպանությունների իրականացման սպառնալիքի հետ:
«Ցեղասպանությունների կանխարգելմանն ու դատապարտմանը, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն առնչվող խնդիրները պետք է ընդգրկվեն միջազգային հանրության քննարկման օրակարգում: Քաղաքակիրթ մարդկությունը պետք է դրսևորի մեկ միասնական ճակատով լուծելու ունակություններ», - հավելեց Նախագահն, ընդգծելով, որ երևանյան գիտաժողովի անցկացման համար պատահական չեն ընտրվել ոչ վայրը և ոչ էլ խորագիրը:
«Այսօր մենք բախվում ենք մեկ այլ երևույթի ևս: Պաշտոնական պատմագրության կողմից գիտականորեն ապացուցված և միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի արժանացած պատմական փաստերը վերանայելուն միտված քայլերին զուհագեռ, որոշ վերլուծումներ փորձում են արհեստականորեն ստեղծել սեփական ցեղասպանության պատմությունը», -ասաց երկրի ղեկավարը:
Նախագահ Սարգսյանի բնորոշմամբ` «նմանատիպ շինծու մոտեցումները ցեղասպանության հանցագործության հստակ ձևակերպված իրավական հիմքերի պարզունակ մեկնաբանություններ են»:
«Սեփական ժողովրդին, այսպես ասած, ցեղասպանությամբ օժտելը, ոչ հայրենասիրություն է, ոչ էլ դիվանագիտություն: Պատմության և պատմական փաստերի լրախմբագրումներ իրականացնողները կարծում են, թե կարող են մարդկությանը պարտադրել իրենց խեղված պատմությունը: Կոծկել սեփական մեղքը և կատարած հանցագործությունը նշանակում է կատարել նոր հանցագործություն», - նշեց Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը շեշտեց, որ նմանօրինակ ցինիզմն ապացուցում է, որ ոմանք իսկապես չեն ըմբռնում կամ չեն ուզում հասկանալ այն ահավոր գինը, որ մարդկությունը վճարեց և դեռևս շարունակում է վճարել: