15/12/2010 11:30
Ցեղասպանության կոնֆերանսի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
Երևանում ընթացող «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներն այսօր առավոտյան այցելեցին Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հյուրերի կազմում էր նաև ազգությամբ թուրք, ԱՄՆում բնակվող Թաներ Աքչամը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ արդեն երրորդ անգամ է այցելում Ծիծեռնակաբերդ, ինչպես նաև հոյս հայտնեց, որ Թուրքիայի իշխանությունները վերջիվերջո կճանաչեն ցեղասպանությունը:
Իր հերթին պատմաբան, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանն ասաց. «Հուսով ենք, մի օր այստեղ կայցելի նաև Թուրքիայի նախագահը»:
Այսօր գիտաժողովի աշխատանքների երկրորդ օրն է: Միջազգային գիտաժողովը մեկնարկեց երեկ` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքով:
Նշենք, որ գիտաժողովին, որը նվիրված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը, մասնակցում են գիտնականներ շուրջ 20 երկրներից, այդ թվում` ցեղասպանագիտության բնագավառում այնպիսի ճանաչված հեղինակություններ, ինչպիսիք են Իվ Թերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չառնին, Վիլիամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենք Չոքը և այլոք: