25/12/2010 17:26
Նախագահը ներկա էր շախմատի դպրոցի հոբելյանին նվիրված միջոցառմանը
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը տեղի ունեցավ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատային դպրոցի 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Շախմատի դպրոցի տնօրեն Վլադիմիր Հայրապետյանն իր խոսքում անդրադարձավ կեսդարյա պատմության ընթացքում արձանագրված նվաճումներին` շեշտելով այն հայտնի շախմատիստների, շախմատիստուհիների ու մարզիչների անունները, ովքեր այդ դպրոցի սան են եղել: Կարելի է ասել` դա իսկական շախմատային դարբնոց է, որի քուրայով աշխարհի պատանիների ու օլիմպիական մեծ թվով չեմպիոններ են անցել:
Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը, ով ժամանակին գլխավորել է այդ դպրոցը, խոսեց իրենց կատարած աշխատանքների մասին` շեշտելով, որ միշտ հիմնական խնդիրը եղել է հանրապետությունում շախմատի հետագա զարգացումը:
Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը նշեց, որ դպրոցի 50-ամյա հոբելյանի առիթով յուրահատուկ մրցաշար է կազմակերպվել: Յուրահատուկ` այն առումով, որ մասնակցել են դպրոցի 90-ից ավելի նախկին սաներ, այդ թվում 20-ը` գրոսմայստերներ և ՖԻԴԵ-ի վարպետներ:
Կանանց մրցաշարում հաղթող է ճանաչվել Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանն զբաղեցրել է 2-րդ, իսկ Լիլիթ Գալոյանը` 3-րդ տեղը:
Հատուկ մրցանակներ էին սահմանվել նաև 50-ից բարձր տարիքի շախմատիստների համար: Այս անվանակարգում լավագույն եռյակը եզրափակեց Անդրանիկ Աբրահամյանը: Երկրորդը Հենրիկ Փաշայանն էր, իսկ առաջինը` Մանուկ Մկրտչյանը:
Տղամարդկանց հիմնական մրցաշարում 2-7-րդ տեղերը հաջորդաբար զբաղեցրեցին Հրանտ Մելքոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Աշոտ Անաստասյանը: 9,5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորեց Տիգրան Լևոնի Պետրոսյանը:
Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց շախմատային դպրոցի 50-ամյա գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմով: