14/01/2011 15:16
ՀՀ ԱԳՆ. Միջազգային կարծիքը համահունչ է հայկական մոտեցմանը
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ միջազգային հանրության կարծիքը համահունչ է հայկական կողմի մոտեցմանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա շեշտեց, որ այսօր բանակցային սեղանին դրված Մադրիդյան 3 սկզբունքները և 6 դրույթները հստակեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների` Ակվիլայի, Մուսկակայի, և Աստանայի հայտարարությունների տեսքով և միմյանց չեն հակասում:
«Միջազգային հանրությունն ու միջնորդները Ակվիլայի և հաջորդ այլ հայտարարությունների մեջ ասում են, որ այս սկզբունքներն ու դրույթները մշակված են որպես ամբողջություն և ներկայացված են որպես այդպիսին, ինչպես նաև այն, որ անջատել մեկ սկզբունքը կամ մեկ դրույթը մյուսներից անընդունելի է և կխոչընդոտի կարգավորմանը», - ասաց նախարարը, նշելով, որ Հայաստանը ևս բազմիցս հայտարարել է, որ այդ սկզբունքներն ու դրույթներն ընդունում է որպես բնակցությունների հիմք` որպես ամբողջություն, և չի կարելի առավեկություն տալ դրանցից որևէ մեկին:
«Իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանը: Կարծես նրանք էլ չեն հասկանում ինչ են ուզում: Ասում են «այո, բայց...», «այո, սակայն` ոչ»: Այս պարագայում միջազգային հանրությունն ու Հայաստանն ասում են նույնը», - նշեց ԱԳ նախարարը` հիշեցնելով սկզբունքներն ու դրույթները:
«Սկզբունքներն են` ուժի չկիրառում, ինքնորշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Վեց դրույթներն են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը` իր կամարտահայտությամբ, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ: Երկրորդը` մինչև այս կամարտահայտության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ. խոսքը չի գնում վերջնական կարգավիճակի մասին: Այդ միջանկյալ կարգավիճակը պետք է կանխատեսի այն, ինչ ունի այսօր Լեռնային Ղարաբաղը, բայց պետք է ճանաչվի նաև միջազգային հանրության կողմից: Երրորդը` կապ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Չորրորդը` բոլոր փախստականների և տեղահանված անձանց վերադարձ` միջազգային համապատասխան անվտանգության երաշխիքներով: Հինգերորդը` անվտանգության միջազգային երաշխիքներ` ներառյալ խաղաղապահ գործողությունների կազմակերպում: Եվ վեցերորդը` տարածքների վերադարձ: Այստեղ չի ասված, թե կոնկրետ, որ տարածքների մասին է խոսքը», - պարզաբանեց ՀՀ ԱԳ նախարարը:
Է.Նալբանդյանը շեշտեց, որ այն դեպքում, որ հայկական կողմն ընդունում է բոլոր սկզբունքներն ու դրույթներն որպես ամբողջություն, ադրբեջանական կողմը միայն տարածքային ամբողջականության և տարածքների խնդիրների մասին է խոսում:
«Ադրբեջանցիները երեք սկզբունքից միայն մեկն են ընդունում, իսկ վեցը դրույթներից` միայն տարածքների վերադարձի մասին, այն էլ իրենց տեսանկյունից մեկնաբանված, թե դրանից հետո ասում են, որ պատրաստ են քննարկել այլ դրույթները: Հենց դրա պատճառով է, որ Աստանայում Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարությամբ հանդես եկան, որ դա անթույլատրելի է», - ասաց Է.Նալբանդյանը, շեշտելով, որ այն, ինչ ասում են համանախագահող երկրների ներկայացուցիչները` միջազգային հանրության կարծիքն է, որը համահունչ է հայկական մոտեցմանը: