17/01/2011 17:23
Կորցնում ենք Զանգեզուրը. Մարդիկ կտառապեն ծանր հիվանդություններով
«Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից Կապանի Շահումյան բանավանում բազմամետաղային բաց եղանակով հանքի շահագործման վտանգներից խոսեցին «Էկոլուր» տեղեկատվական-հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը և «Էկոլոգիական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ առողջապահության նախարարությունը ընդհանրապես չի արձագանքում Կապանում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք ուղղակիորեն կապված են մարդկանց առողջության հետ:
Ըստ նրա` տարածաշրջանում չի անցկացվում ոչ մի հետազոտություն, և ոչ էլ պետպատվեր է նախատեսված Կապանի և Քաջարանի բնակիչների համար. «Երեխաներ ենք տեսել, որոնց բերանում սևացած ատամներ էին, և դա ատամների հարց չէ, այլ` համակարգային»:
Ինգա Զարաֆյանը շեշտեց, որ տարածքի ծանր մետաղներով աղտոտվածությունը անմիջականորեն չի ազդում, այլ կուկտակվում է մարդկանց օրգանիզմում` հետագայում առաջացնելով առողջական խնդիրներ:
Սիլվա Ադամյանը իր հերթին նշեց, որ Շահումյան բանավանում հատվելու է շուրջ 50 հազար ծառ:
«Մենք կորցնում ենք Զանգեզուրը, շուտով այս տարածքում չենք ունենա ոչ մի բնակիչ, մնացած բնակիչները կտառապեն շատ ծանր հիվանդություններով»,- շեշտեց Ս. Ադամյանը և հավելեց, որ այս տարածքում արդեն մեծ քանակությամբ հիվանդ մարդիկ կան, Քաջարանում գրանցվում են անոմալ ծնունդներ:
«Արդյոք մեր կառավարությունը մտածում է միայն հանքեր շահագործելո՞ւ մասին, թե՞ պետք է մտածի նաև մեր ժողովրդի բարօրության մասին»,- հարցրեց բանախոսը: