17/01/2011 20:04
«Հայ ժողովուրդը երախտապարտ է կիպրացի եղբայր ժողովրդին»
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամլո գրասենյակը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հյուրընկալելու համար` նշելով, որ մեծ ուրախություն է ապրում հայերի ու Հայաստանի համար եղբայրական ժողովրդի և ավանդական բարեկամ պետության խորհրդարանում ելույթով հանդես գալու պատվին արժանանալու համար:
«Ամեն անգամ մեր ժողովուրդների բարեկամության մասին խոսելիս` ինձ համակում են ջերմ զգացումներ: Այս բարեկամության ակունքները վաղեմի են, հիմքերն էլ` ամուր: Կիպրոսը հայ ժողովրդի հոգուն և մտքին հարազատ վայր է: Այս չնաշխարհիկ կղզին այն յուրահատուկ երկրներից է, որտեղ հայը դեռ վաղ ժամանակներից իրեն օտար չի զգացել, այլ արարել է այդ երկրում և անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին մաքառել այդ երկրի թշնամիների դեմ: Միջնադարում տասնյակ հազարներով հաշվվող կիպրահայ համայնքի գերակշիռ մեծամասնությունը օսմանյան նվաճումից հետո լքել է երկիրը: Սակայն ճակատագրի հեգնանքով ներկայիս կիպրահայ համայնքը, արդեն այլ աշխարհաքաղաքական պայմաններում, ձևավորվել է նույն կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության արդյունքում: Այստեղ գլուխ եմ խոնարհում կիպրացի ժողովրդի առջև յաթաղանից փրկված հայ գաղթականներին ապաստան, նոր կյանքի հնարավորություն և նոր հայրենիք տրամադրելու համար», - ասել է նա` ընդգծելով, որ Կիպրոսում հաստատված հայրենակիցները հնարավորություն ունեն ապրելու և արարելու ազատ` առանց իրենց ազգային ինքնությունն ու ծագումը թաքցնելու:
«Լիովին ինտեգրված լինելով կիպրական հասարակությանը` հայերը մասնակցում են իրենց երկրորդ հայրենիքի բարգավաճմանը: Հպարտ եմ, որ կիպրահայերը կառուցողական դերակատարություն և ներդրում ունեն Կիպրոսի հասարակական և քաղաքական կյանքում: Դրա ակնառու վկայություններից է նաև այն, որ այս նիստը, հուրախություն ինձ, տեղի է ունենում հայազգի Մարիոս Գարոյանի նախագահությամբ»,- հավելել է ՀՀ նախագահը:
Նախագահ Սարգսյանն ընդգծեց, որ գտնվում է մի խորհրդարանում, որն աշխարհում առաջիններից, դեռևս 1982 թվականին, ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` պահանջելով պատմական արդարության վերականգնում:
«Հայ ժողովուրդը երախտապարտ է կիպրացի եղբայր ժողովրդին, որը Հայոց ցեղասպանության տարելիցի օրերին միանում է մեզ` հարգելու անմեղ զոհերի հիշատակը: Ձեր երկրում գտնվող Հայոց ցեղասպանության հուշակոթողներից մեկն էլ Լառնակայում է կառուցվել «Կիպրոս-Հայաստան» բարեկամության խմբի և, մասնավորապես, իմ սիրելի բարեկամ` Նախագահ Խրիստոֆիասի աջակցությամբ»,- ասել է Հանրապետության ղեկավարը` շեշտելով, որ երկու ժողովուրդների բարեկամությունը, իսկապես, անկեղծ է և ամուր:
«Այն դիմակայել է թե՛ ժամանակների փորձությանը, թե՛ պատմության վայրիվերումներին: Պատմությունը հաճախ դաժան փորձությունների է ենթարկել մեզ` սասանելով մեր պետականությունը և դահիճներին հանձնելով հազարամյա մշակույթ կրող մեր ժողովուրդներին: Մեր ազատասեր ժողովուրդները օտար լծից ազատվելու համար ընդհանուր թշնամու դեմ տևական մաքառումների և անդառնալի կորուստների գնով վերականգնել են անկախ և խաղաղ ապրելու իրավունքը»,- ընդգծել է ՀՀ Նախագահը:
Տես նաև` ՀՀ Նախագահն այցելել է Խրիսոստոմոս Երկրորդին և խորհրդարան
«Ո՞վ է կարոտել օսմանականությանը, որ փորձում են ծնել նորը»
Հայաստանն ու Կիպրոսը կապում է ոչ միայն պատմությունը, այլև ապագան
«Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում»