17/01/2011 20:17
«Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում»
«Մեծ դժվարությունների բովով անցած մեր ժողովուրդներն այսօր էլ զերծ չեն խնդիրներից», - ելույթ ունենալով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում` ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամլո գրասենյակը` երկրի ղեկավարը ցավով նշել է, որ թերևս մարդկության ամենաքաղաքակիրթ այս դարաշրջանում դեռևս կան ուժեր և պետական գործիչներ, որոնք չեն ձերբազատվել հնամաշ մտածելակերպից և նվաճողի հոգեբանությունից, որոնք առաջնորդվում են «ուժեղն է թելադրում» մոտեցմամբ:
«Այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք այսօր կրկնապատկել և բազմապատկել մեր ընդհանուր ջանքերը` մեր խնդիրներին արդարացի լուծում տալու և մեր ժողովուրդներին խաղաղություն ապահովելու նպատակով»,- ասել է ՀՀ Նախագահը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին:
«Տոտալիտար ռեժիմի կողմից Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի հաշտվել իրեն պարտադրված կարգավիճակի հետ: Նրա աչքի առաջ են եղել մեկ այլ բռնակցված տարածքի՝ Նախիջևանի հայերի ճակատագիրը, որոնք չդիմանալով Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներին, ստիպված էին լքել այն հողը, որի վրա ապրել էին հազարամյակներ: Ուստի պատահական չէր, որ խորհրդային շրջանի ողջ ընթացքում, և հատկապես` ազատականացման գործընթացներին զուգընթաց Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պարբերաբար բարձրացնում էր իր անկախության հարցը: Իսկ 1991թ. հաստատեց այն հանրաքվեի միջոցով, որը լիովին համապատասխանում էր Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Ադրբեջանը փորձեց բացահայտ էթնիկական զտումների և զինված ագրեսիայի միջոցով խեղդել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Չկարողանալով հաղթել իր իսկ կողմից սանձազերծած պատերազմում` Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականին ստորագրել հրադադարի եռակողմ համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Ցավոք, տևական խաղաղություն հաստատելու այդ բացառիկ հնարավորությունը, որը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանային ժողովուրդների խաղաղ գոյակցության և զարգացման համար, Ադրբեջանի կողմից մինչև այսօր օգտագործվում է նոր ռազմական ագրեսիա նախապատրաստելու նպատակով»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
ՀՀ Նախագահը նշել է, որ ակտիվ պետական հովանավորչությամբ Ադրբեջանում մոլեգնող Հայաստանի և հայերի դեմ ուղղված թշնամական քարոզչությունը և պատմության ակնհայտ կեղծարարությունը, այդ երկրի սպառազինումն ու սպառազինությունների մրցավազքի հրահրումն ապացուցում են, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության:
«Բանը հասնում է նրան, որ Ադրբեջանի իմ գործընկերը հայտարարում է, թե իբր մեր երկրի մեծ մասը նվիրաբերվել է Հայաստանին Ադրբեջանի կողմից, իսկ մայրաքաղաք Երևանը ադրբեջանական քաղաք է: Համոզված եմ, որ պատմության խեղաթյուրման այսօրինակ զավեշտի հետ առնչվել է նաև Կիպրոսը»,- հավելել է Հանրապետության Նախագահը:
Ըստ երկրի ղեկավարի` Ադրբեջանի հայատյաց և ագրեսիվ վարքագիծը հաստատում է այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում:
«Ավելին, Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո́չ իրավական, ո́չ քաղաքական և ո́չ էլ բարոյական հիմքեր: Ճիշտ է, մենք վճռական ենք խնդիրը լուծել բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով, բայց եթե Ադրբեջանը դիմի արկածախնդրության, ապա մեր պատասխանը վճռական է լինելու», - շեշտել է Հայաստանի Նախագահը` ցավ հայտնելով, որ առանց այն էլ խոցելի տարածաշրջանում որոշ երկրներ, գայթակղվելով էներգետիկ շահերով, վարում են կարճատես, օրվա շահից բխող քաղաքականություն:
«Դա ամենևին չի նպաստում տարածաշրջանային կայունությանը: Ավելին, պարզ տրամաբանությունը հուշում է, որ տարածաշրջանային կայունության խախտման դեպքում առաջին հերթին վնասվելու են հենց այդ նույն տնտեսական շահերը», - ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
Տես նաև` ՀՀ Նախագահն այցելել է Խրիսոստոմոս Երկրորդին և խորհրդարան
«Հայ ժողովուրդը երախտապարտ է կիպրացի եղբայր ժողովրդին»
«Ո՞վ է կարոտել օսմանականությանը, որ փորձում են ծնել նորը»
Հայաստանն ու Կիպրոսը կապում է ոչ միայն պատմությունը, այլև ապագան