17/01/2011 20:32
«Ո՞վ է կարոտել օսմանականությանը, որ փորձում են ծնել նորը»
«Մեր տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատումը Հայաստանի գլխավոր նպատակներից է: Սակայն, այդ ճանապարհին մեր հետևողական փորձերը հայտնվում են փակուղում»,- ելույթ ունենալով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում` ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:
ՀՀ Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ` երկրի ղեկավարը նշել է, որ
Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու հայկական կողմի անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց:
«Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին: Նախապայմանների պատին դեմ առան մեր և գործընթացում ակտիվորեն ներգրավված մեր գործընկերների ջանքերը:
Եթե տուրք պետք է տայինք նախապայմաններին, ապա մենք առավել քան բարոյական և իրավական հիմքեր ունեինք նախապայմաններ առաջ քաշելու։ Բայց մենք ուժ գտանք հաղթահարելու հոգեբանական բոլոր արգելքներն ու առաջ շարժվել։ Այո', մենք շատ խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Սակայն նախապայմանների առաջադրման փոխարեն մենք գերադասեցիք խնդիրների կարգավորման քաղաքակիրթ մոտեցումը՝ երկխոսություն կայացնելու միջոցով», - ասել է Հանրապետության ղեկավարը:
Նախագահ Սարգսյանի խոսքերով` այսօր պետք է բաց աչքերով նայել այն իրականությանը, որ Թուրքիան` հավակնելով տարածաշրջանային առաջնորդությանը, հավակնում է վարել այսպես կոչված «նոր օսմանականության» քաղաքականություն:
«Բայց տարածաշրջանային առաջնորդությունը ենթադրում է պատասխանատու մոտեցում, պատասխանատու մտածելակերպ և ոչ թելադրելու կամ պարտադրելու գործելաոճ: Ի՞նչ է Օսմանյան կայսրությունը բերել իր լծի տակ գտնվող ժողովուրդներին կոտորածներից, բռնակալությունից, կեղեքումներից բացի: Ո՞վ է հասցրել կարոտել օսմանականությանը, որ որոշ մարդիկ փորձում են ծնել «նոր օսմանականություն»: Եվ ինչպե՞ս է ընկալվում «հարևանների հետ զրո պրոբլեմ» ուղեգիծը: Որպեսզի բոլոր հարևանները հլու կատարեն Թուրքիայի հորդորները և բավարարեն նախապայմաննե՞րը: Գուցե կան հարևաններ, որոնց համար դա նույնիսկ շահավետ է, բայց վստահորեն մենք դրանց թվին չենք պատկանում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:
«Մի երկիր, որը Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր պատրվակներով փակել է մեր սահմանը և փորձում է շանտաժի ենթարկել իմ ժողովրդին, չի՛ կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության»,- շեշտել է ՀՀ Նախագահը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ այսօր Հայաստանը իրականացնում է լայնամասշտաբ բարեփոխումներ եվրոպական կառույցների սերտ աջակցությամբ և կցանկանար ունենալ ժողովրդավար և եվրոպական արժեքներին դավանող հարևաններ:
«Մենք առաջինն ենք ցանկանում ունենալ ժողովրդավար և եվրոպական արժեքներին դավանող հարևաններ, հարևաններ, որոնք խնդիրները լուծում են երկխոսությամբ և բանակցություններով և ոչ թե սպառնալիքներով: Հուսով ենք, որ Թուրքիան կհասկանա և կգնահատի նույն այդ արժեքների կարևորությունն իր իսկ կայուն զարգացման և բարեկեցության համար»,- եզրափակել է ՀՀ Նախագահը:
Տես նաև` ՀՀ Նախագահն այցելել է Խրիսոստոմոս Երկրորդին և խորհրդարան
«Հայ ժողովուրդը երախտապարտ է կիպրացի եղբայր ժողովրդին»
Հայաստանն ու Կիպրոսը կապում է ոչ միայն պատմությունը, այլև ապագան
«Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում»