17/01/2011 20:42
Հայաստանն ու Կիպրոսը կապում է ոչ միայն պատմությունը, այլև ապագան
«Մեր բարեկամությունը խարսխված է ոչ միայն խորը պատմական, մշակութային և սոցիալական կապերի, այլև փոխվստահության, փոխադարձ հարգանքի ու համակրանքի, ընդհանուր արժեհամակարգի վրա»,- դիմելով Կիպրոսի խորհրդարանականներին` հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամլո գրասենյակը, երկրի ղեկավարը նշել է, որ իր ներկայությունը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում, ինչպես նաև վերջին տարիներին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների գործուն փոխայցելությունները վկայում են հայ-կիպրական հարաբերությունների խորության և դրանք ավելի խորացնելու նպատակադրվածության մասին:
«Վերջին երկու տասնամյակներում հայ-կիպրական հարաբերությունները լուրջ առաջընթաց են ապրել: Այսօր մեր երկրների միջև առկա է ոչ միայն ակտիվ քաղաքական երկխոսություն, այլև աշխույժ համագործակցություն գրեթե բոլոր ոլորտներում` քաղաքական, միջխորհրդարանական, ռազմական, մշակութային, կրթական և այլն: Ավելի էական առաջընթաց կուզենայինք տեսնել նաև տնտեսության բնագավառում, ինչի ուղղությամբ համատեղ ջանքեր ենք գործադրում: Կարծում եմ` առաջիկա տարիներին այս բնագավառում նույնպես լուրջ առաջընթաց կարձանագրենք»,- ասել է Հանրապետության ղեկավարը:
Երկրի նախագահը հայ-կիպրական հարաբերություններում կարևորել է նաև երկու երկրների միջև միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը:
«Ուրախ եմ, որ նկատվում է շոշափելի առաջընթաց միջխորհրդարանական համագործակցության ոլորտում: Ցանկանում եմ ընդգծել նաև խորհրդարանական դիվանագիտության դերը և միջխորհրդարանական կառույցներում կենսական խնդիրների շուրջ միմյանց սատարելու անհրաժեշտությունը»,- ասել է ՀՀ Նախագահը:
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հայ-կիպրական համագործակցության ներկապնակը տարեցտարի հարստանում է նորանոր ձեռքբերումներով։
«Բնական դաշնակիցներ լինելով հանդերձ` մենք շահագրգռված ենք միմյանց թե՛ քաղաքական և դիվանագիտական, թե՛ տնտեսական և սոցիալական հզորացմամբ: Մեր ժողովուրդներին և երկրներին կապում է ոչ միայն պատմությունը և մշակույթը, այլև ապագան: Համոզված եմ, որ սերտ համագործակցությամբ և ընդհանուր ջանքերով միայն կարող ենք ապահովել մեր պետությունների կայուն ինքնիշխանությունը և մեր ժողովուրդների բարեկեցիկ ապագան: Վստահ եմ` մենք դեռ միասին հազարամյակների պատմություն ենք կերտելու: Կեցցե՛ Կիպրոսը: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ հայ-կիպրական դարավոր բարեկամությունը»,- եզրափակելով ելույթը` ասել է ՀՀ Նախագահը:
Տես նաև` ՀՀ Նախագահն այցելել է Խրիսոստոմոս Երկրորդին և խորհրդարան
«Հայ ժողովուրդը երախտապարտ է կիպրացի եղբայր ժողովրդին»
«Ո՞վ է կարոտել օսմանականությանը, որ փորձում են ծնել նորը»
«Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում»