![Կ.Անտաշյան. Այսօրվա գրական սերնդի վրա կարող ենք հույս դնել](https://www.aysor.am/news_images/80/238362_1/f546cce7415435_546cce741580e.thumb.jpg)
19/01/2011 13:50
Կ.Անտաշյան. Այսօրվա գրական սերնդի վրա կարող ենք հույս դնել
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանաստեղծ Կարեն Անտաշյանը խոսեց ինտերնետի միջոցով 2010թ.-ին երիտասարդ հեղինակների գրական ստեղծագործությունների տարածման շուրջ:
«Գրական 2010թ.-ը բեկումնային էր և որակապես նոր փուլի սկիզբ դարձավ»,- շեշտեց բանաստեղծը և հավելեց, որ բեկումի հիմնական գործոնը ինտերնետի միջոցով հայրենական մեդիա-անտարբերության օղակի ճեղքումն էր:
Ըստ նրա` ընթերցողների թվի մեծացումը նպաստեց, որ ինտերնետում սկսվեն գրական ավելի ակտիվ քննարկումներ: Բլոգներում և Facebook-ում տեղադրվեցին հատկապես երիտասարդ հեղինակների ստեղծագործություններ, և ընթերոցողների միջոցով աշխուժացան գրական քննարկումներն ու գրականության տարածումը:
«20 տարիների ընթացքում հայ գրականությունը ընթերցողներին ավելի մոտ չէր եղել, որքան 2010-ին»,- նշեց բանաստեղծը և հավելեց, որ մի խումբ երիտասարդ գրականագետներ և ստեղծագործողներ որոշեցին փոխել իրավիճակը, և ստեղծվեց «Գրանիշ» գրական ակումբը:
Կարեն Անտաշյանը շեշտեց, որ այսօր ունենք երիտասարդ գրական սերունդ, ում վրա հայ գրականությունը կարող է հույս դնել: