20/01/2011 12:45
Ադրբեջանահայեր. Բաքվի «շահիդների» պուրակում ջարդարարներ են
Ադրբեջանահայության լիազոր նեկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն դիմում է նախապատրաստել` ուղղված Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ղեկավարությանը, ինչպես նաև` այն բոլոր պետությունների, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ ունի: Ինչպես այսօր ասուլիսում ներկայացրեցին կազմկոմիտեի անդամները, դիմումում նշվում է, որ Բաքու այցելությունների ժամանակ պաշտոնյաները, արարողակարգի շրջանակներում, ծաղկեպսակ են դնում «շահիդների» (հավատքի մարտիկ) պուրակում` «Ադրբեջանի ազատության և անկախության համար զոհված» անձանց շիրիմներին, մինչդեռ, այդ պուրակում թաղված են 1990 թ. հունվարին Բաքվում հայերի կոտորածներին մասնակից և խորհրդային բանակի դեմ կռված ջարդարարները:
Կազմկոմիտեի անդամ Ռոման Գյուլբանդյանը նշեց, որ դիմել են ՀՀ դատախազություն, ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց տրամադրվեն հայերի ջարդերի վերաբերյալ առկա փաստաթղթեր. «Համատեղ ջանքերով այդ գործը կտանենք մինչև Հաագայի դատարան»:
Ըստ կազմկոմիտեի անդամ, «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հույների» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Պոլատովի` «շահիդների» պուրակում ադրբեջանցիները թաղել են նաև 3 ռուսների` ուզենալով ցույց տալ, որ ջարդարարները տարբեր ազգերի են եղել: Մինչդեռ ՌԴ արխիվների փաստաթղթերում պարզ երևում է, որ այդ ռուսները սպանվել են հենց ադրբեջանցիների կողմից: Պուրակում սկզբում եղել է մոտ 70 շիրիմ, իսկ հետո դրանց քանակն ավելացել է` հասնելով գրեթե 137-ի, որից մեկն անհայտ է:
«21 տարի առաջ` այս օրը սկիզբ դրվեց այդ աննախադեպ կեղծարարությանը: Հուսով ենք, որ այս դիմումը հիմք կդառնա վերջ դնելու աշխարհի երկրների մասնակցությանը Բաքվի ռեժիմի այդ կեղծարարությանը»,- ասվում է դիմումում:
«Շահիդների պուրակի խնդիրը անպայման պետք է դրվի միջազգային հետաքննության, և դա խնդրում ու պահանջում ենք մյուս պետություններից,: Նրանք պետք է վերանայեն արարողակարգին ենթարկվելու այդ կարգը»,- ընդգծեց Ադրբեջանահայության լիազոր նեկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Մարիամ Ավագյանը: