22/01/2011 15:34
«ԼՂ հարցում Հայաստանը պետք է ավելի շեշտակի արտահայտվի»
Այլ երկրների հետ փոխհարաբերություններում Հայաստանը պետք է ավելի շեշտակի արտահայտի իր դիրքորոշումը` ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Մանվել Սարգսյանը` Aysor-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ Նախագահի այցը Կիպրոս:
Ըստ բանախոսի` երկրի ղեկավարի` Կիպրոս և Հունաստան կատարած այցերի շրջանակներում արված հայտարարությունները, ինչպես նաև` Հայաստանի և Կիպրոսի նախագահների համատեղ հայտարարությունը, փորձ էր ևս մեկ անգամ հստակ նշելու, որ հայկական կողմի համար առաջնահերթ է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը: Նրա կարծիքով, հայկական կողմի դիրքորոշումը բանակցությունների ընթացքում թուլացնում է այն հանգամանքը, որ Հայաստանը դեռ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը:
«Դրանով Հայաստանը, կարծես թե, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա:
Փորձագետը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանի ղեկավարը նման հայտարարություններ է արել հենց Կիպրոսում, որը սատարում է տարածքային ամբողջականության սկզբունքի իրացմանը:
«Պարզապես պետք էր, որ Հայաստանը հանդես գար Կիպրոսի տարածքային ամբողջականությանը սատարող հայտարարությամբ` այն դեպքում, երբ Կիպրոսը հայտարարեր ԼՂՀ ինքնորոշման իրավունքին սատարելու մասին»,- եզրափակեց քաղաքագետը: