25/01/2011 18:40
Զորաց քարեր. Ապուշությո՞ւն, թե՞ հնագույն աստղադիտարան
Օքսֆորդի համալսարանի ուսանողները փորձում են յուրացնել Սիսիանի տարածաշրջանի Քարահունջ գյուղի տարածքում գտնվող Զորաց քարեր կամ Քարահունջ կոչվող հուշարձանի շուրջ իրականացված գիտական հայտնագործությունները:
Aysor-ի թղթակցի հետ զրույցում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ «Քարահունջը` որպես Քարահունջ, ապուշություն է, այն, ինչ ուզում են յուրացնել, դա էլ ապուշություն է»:
«Հուշարձանը Զորաց քարեր է կոչվում, և ոչ մի կապ չունի Քարահունջ անվան հետ: Այն, ինչ հայտարարվում է այդ մասին, ես համարում եմ հոգեկան հիվանդների զառանցանք»,- հայտարարեց Պավել Ավետիսյանը և հավելեց, որ «ոչ մեկի մտքով չի անցնում, որ դա աստղադիտարան է»:
Պատմաբան Արտակ Սարգսյանը, ով զբաղվել է Զորաց քարերի խնդրով, նշեց, որ Զորաց քարեր հուշարձանը իր տեսակի մեջ եզակի չէ. միայն Արևմտյան Եվրոպայում նմանատիպ 900 հուշարձան կա:
Հնագետները պնդում են, որ հուշարձանը 3-4 հազար տարվա պատմություն ունի, աստղագետները համոզված են` 7-7,5 հազար տարվա: Ըստ Սարգսյանի` թվագրման առումով պետք է հենվել հնագետների տվյալների վրա:
Ինչ վերաբերում է Զորաց քարերի վրա փորված անցքերին, ապա պատմաբանը նշեց, որ դրանց վերաբերյալ մի քանի հիմնական կարծիքներ կան, որոնցից մեկն այն է, որ այդ անցքերը որևէ էական նշանակություն չունեն, և ծառայել են քարհանքից քարերը տվյալ տարածք հասցնելու համար:
«Երկրորդ մոտեցումն այն է, որ անցքերը նախատեսված են աստղագիտական չափումների համար, գուցե պաշտանմունքային նշանակություն են ունեցել»,- ասաց պատմաբանը:
Պատմաբան Վաղարշակ Ֆահրադյանը նշեց, որ կառույցի աստղագիտական նշանակության վարկածը առաջ է քաշել պատմաբան Օնիկ Խնկիկյանը 1984 թ-ին, նրանից հետո կառույցը ուսումնասիրել են Է. Պարսամյանը, Պարիս Հերունին: Վ. Ֆահրադյանը համոզված է, որ կառույցի դասավորվածությունը արտացոլում է Կարապի համաստեղությունը:
«Սա շատ լուրջ հիմնավորում է կառույցի աստղագիտական նշանակության համար»,- շեշտեց Վաղարշակ Ֆահրադյանը և հավելեց, որ այլ կարծիք ունեցողները պետք է իրենց ասածը փաստերով հիմնավորեն: