28/01/2011 19:37
1 ականջով խուլերը պատերազմում պիտանի են ոչ շարային ծառայության
«Հիշում եմ` իմ ծառայության տարիներին`1992 թ.-ին, մեր ջոկատում թույլ լսողությամբ ծառայող տղա ունեինք: Նա, հիմնականում, խոհանոցում էր, խոհարարություն էր անում: Շատ չէր խոսում մեզ հետ ու ծառայության ընթացքում էլ մեզ նման վարժութուններ չէր անում»,- Aysor-ին այս մասին պատմեց 30-ամյա Սուրեն Սարուխանյանը:
Նրա խոսքերով` ինքը մի քանի անգամ լսել է, որ թույլ լսողությամբ տղաներն այսօր ծառայում են բանակում, և համոզված է, որ նրանց զորակոչելը սխալ է:
Պատասխանելով Aysor-ի հարցին, թե այժմ բանակում թույլ լսողությամբ քանի՞ երիտասարդ է ծառայում, ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն ասաց` հարցումով դիմել:
Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) ղեկավար Արթուր Սաքունցը մեզ տեղեկացրեց, որ իրենց գրասենյակը բանակի կազմավորումից ի վեր` ոչ մի բողոք չի ստացել` թույլ լսողությամբ երիտասարդների զորակոչի հետ կապված:
Նա Aysor-ին ներկայացրեց 2006 թ. մարտի 30-ին պաշտպանության նախարարի հրամանով հաստատված թիվ 378 որոշումը` «Զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգի» մասին / խաղաղ և պատերազմական ժամանակների համար/, որը նախատեսված է միայն ծառայողական օգտագործման համար:
Ըստ այդ կարգի դրույթների` կայուն, լրիվ խլություն կամ խուլ-համրություն ունեցող երիտասարդները պիտանի չեն ծառայության համար: 2 ականջում խլություն ունեցողները և համրերը ընդհանրապես հանվում են զինվորական հաշվառումից, իսկ եթե խլությունը մեկ ականջում է, ապա խաղաղ ժամանակ անձը ազատվում է ծառայությունից, իսկ պատերազմական ժամանակ ենթակա է ոչ շարային ծառայության:
«Եթե զինակոչիկը 2 ականջում III աստիճանի` 60-80 դեցիբել, կամ II-րդ աստիճանի` 40-60 դեցիբել, լսողություն ունի, կամ 1 ականջում 3, իսկ մյուս ականջում` 1 կամ 2 աստիճանի ծանր լսողություն, ապա տրվում է տարկետում, և նա պիտանի է ոչ շարային ծառայության` միայն պատերազմական իրավիճակում: Եթե զինակոչիկն ունի 1-ին աստիճանի ծանր լսողություն 2 ականջում, կամ մեկ ականջում 2-րդ աստիճանի է, իսկ մյուսում` 1-ին, ինչպես նաև` միակողմանի ծանր լսողություն` 3 աստիճանի, ապա պիտանի է ոչ շարային ծառայության (զորակոչի ենթակա)»,- գրված է «Զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգում»:
Ըստ Սաքունցի, եթե փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է, նշանակում է` զինապարտը կամ զորակոչիկը փաստաթղթից օգտվելու հնարավորություն չունի:
«Առողջության հետազոտությունը կարգավորող իրավական փաստաթուղթը անհասանելի է զորակոչիկին կամ նրա հարազատին: Մինչդեռ մարդուն իր սեփական առողջության վերբերյալ բժշկական եզրակացությունը պիտի պարտադիր տրվի` քաղաքացու իրավունքից ու «Պացիենտի եվրոպական խարտիայից» ելնելով»,- ասաց Սաքունցը:
Նրա խոսքերով, եթե նույնիսկ զորակոչիկը այլ տեղ ստուգում անցնի, իրավական կարգավորում չկա և ռազմաբժշկական փաստաթղթում ամրագրված չէ, որ քաղաքացիական առողջապահական հիմնարկում քաղաքացու առողջության վերաբերյալ եզրակացությունն ու ախտորոշումը հիմք կարող են ընդունվել ու ընգրկվել առողջության վիճակի մասին վկայող փաստաթղթերի ցանկում: Բողոքելու դեպքում էլ նույն մարմինն է 2-րդ անգամ վերանայելու խնդիրը: