22/02/2011 14:42
Գ. Գինոսյան. Հայ մշակույթը փչացնելու համար մեծ փողեր են ներդրվում
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեծ փողեր են ներդրվում` հայ մշակույթը փչացնելու, ոչնչացնելու, ապականելու համար: Կան մարդիկ, որ իրենց բարեկեցիկ կյանքն ապահովելու համար դիմում են այդ քայլին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Նա նշեց, որ ընդհանուր «ախտ» է տիրում հայկական մշակույթում, իսկ պատճառը, Գ.Գինոսյանի խոսքով, հստակ մշակութային քաղաքականության բացակայությունն է:
«Դա միայն էստրադային չի վերաբերում, այլ նաև մարդկանց, ովքեր ազգային են երգում, բայց դա ազգային չէ, պարզապես նրանք մի քիչ համեմում են ազգայինով: Ու եթե մեկն ասում է, որ Սայաթ-Նովան ադրբեջանցի է, ապա թող իմանա, որ ադրբեջանցի ազգ չկա, ուստի Սայաթ-Նովան ինչպե՞ս կարող էր չեղած ազգից լինել»,- նշեց Գագիկ Գինոսյանը:
Ինչ վերաբերում է կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյանի հայտարարությանը, թե մեր մեջ «նստած է պորտապարը», Գինոսյանն ասաց, որ եթե երեք «անբարոյականներ» կան, դա չի նշանակում, որ բոլոր հայ կանայք են անբարոյական:
«Մեր պարային շարժումները զսպանակային են: Հայկական պարերում արգելված է միայն երկու բան` կոնքային շարժում և գլխի կտրուկ տեղաշարժ»,- ասաց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավարը:
Նա նկատեց, որ բացի վերը նշվածից, հայոց լեզուն միակ լեզուն է, որ ունի գարշապար բառը, և կրունկի վրա պարը, Գ.Գինոսյանի պարզաբանմամբ, առաջացնում է կոնքային շարժում. «Հայը դա անվանել է գարշապար, քանի որ կրունկով միայն հարվածել են, ոչ թե պարել, ու կոնքային շարժումներ են արել»:
Գագիկ Գինոսյանը նաև հավելեց, որ կարևոր է նախքան որակավորումներ կամ բնորոշումներ տալը «տարրական» գիտելիք ունենալ հայկական երգ ու պարի մասին: