23/02/2011 12:49
Կայացավ www.baku.am կայքի շնորհանդեսը
Քիչ առաջ տեղի ունեցավ www.baku.am եռալեզու կայքէջի շնորհանդեսը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհանդեսին նշեց, որ նման կայք ստեղծելու գաղափարը եկավ հանպատրաստից:
«Նպատակն է առանց ատելության լեզվի, ուղղակի պատմական աղբյուրների հիման վրա ներկայացնել հայկական համայնքի անցյալն Ադրբեջանի մայրաքաղաքաք Բաքվում»,- ասաց Հ.Դեմոյանը:
Բաքու քաղաքի հայ համայնքի հասարակական, մշակութային և գործարար կյանքը լուսաբանող իր բնույթով եզակի կայքէջը թողարկվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Առաջին բաժնում ներկայացվում է նախագծի մասին կարճ տեղեկատվություն:
«Կարևորն այն է, որ կայքէջը բաց է դիտողությունների, լրացումների համար»,- նշեց Հայկ Դեմոյանը:
Հաջորդ բաժինը ներկայացնում է Բաքվի մահմեդականներին, որոնց լուսանկարները վերցված են հայ և արտասահմանցի լուսանկարիչների աշխատանքներից: Այսպես, Հայկ Դեմոյանի ներկայացմամբ, օրինակ, «Հայերը Բաքվում» խորագիրը կրող էջի ձախ կողմում շուշեցի հայ կինն է, թաթար հոգևորականը և ազգային տարազով հայ աղջիկը Բաքվում. «Լուսանկարային շարքը շարունակվում է ներքևում` խանութների ցուցանակներ, Կաթողիկոսի այցը նավթարդյունահանող ընկերություններ, տեսարաններ հայկական թաղամասից»:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի դիտարկմամբ, նախ և առաջ կայքի նպատակն է իրազեկել թե հայ, թե ադրբեջանցի հասարակությանը, և կարևորվում է երիտասարդ ադրբեջանցի սերնդին այլընտրանքային տեղեկատվություն ներկայացնելը:
Հայկ Դեմոյանի խոսքով, կարևոր մաս է նաև գովազդների բաժինը, որտեղ ներկայացված են հայ գործարարների գովազդները` ընկերությունների, հրուշակեղենի, հաստոցների, տեխնիկական միջոցների պաստառները:
Հայկական մշակութային կյանքը Բաքվում բաժնում ներկայացվում են լուսանկարներ, մշակութային-թատերական հանդեսը: Կայքը պարունակում է նաև ֆոտոշարք, որտեղ ներկայացված են հայ ճարտարապետների նախագծած հայկական շենքերը Բաքվում, հայկական ընտանեկան և անհատական լուսանկարներ` մինչև 1920 թվականը:
«Առանցքային էջ է եռափուլ իրականացված հայկական ջարդերը ներկայացնող էջը. ներկայացված են լուսանկարային ու արտասահմանյան թերթերից արխիվային նյութեր: Հետաքրքիր բաժին է Բաքվի ինքնապաշտպանությունը: 1918-ի մարտերն ընդդեմ թուրքական զինվորականության. դա իրոք ինքնապաշտպանություն էր և դա մեր ռազմական պատմության փառավոր էջերից է»,- ասաց Հ.Դեմոյանը:
Նրա խոսքով` պաշտպանելով Բաքու քաղաքը, տեղի հայերը պաշտպանեցին իրենք իրենց:
«Առաջինը Բաքվում» էջում ներկայացվում են այն բոլոր կառույցներն ու ընկերությունները, որոնք նախաձեռնել են հայերը Բաքվում առաջին անգամ:
Հայկ Դեմոյանը հայտարարեց, որ կայքէջի գործարկումից հետո ադրբեջանական կողմն ու նախագահի աշխատակազմն անելիք են ունենալու: