10/03/2011 12:26
Էդվարդ Նալբանդյանը Գիրտս Վալդիս Կրիստովկիսին հրավիրեց Հայաստան
Մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Ռիգայում է գտնվում պաշտոնական այցով Լատվիա ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Լատվիայի արտգործնախարար Գիրտս Վալդիս Կրիստովկիսին: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը Լատվիա, Նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր հանգրվան են երկկողմ հարաբերություններում, և դա վկայում է Հայաստանի և Լատվիաի միջև համակողմանի համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու երկկողմ պատրաստակամության մասին:
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Էդվարդ Նալբանդյանն ու Գիրտս Վալդիս Կրիստովկիսը անդրադարձան Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին, քննարկեցին Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Լատվիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Էդվարդ Նալբանդյանը Գիրտս Վալդիս Կրիստովկիսին հրավիրեց այցելել Հայաստան: