10/03/2011 12:57
Զինվորներին այլևս կարգապահական մեկուսարան չեն տանի
«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի ՀՀ օրինագծից հանվել է զինվորին կարգապահական մեկուսարան ուղարկելու մասը»,- այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:
Նրա խոսքով`տվյալ կարգապահական տույժը վերացնելն օրենքի նախագծի հիմնարար փոփոխությունններից է, որը Սահմանադրությանը չէր համապատասխանում, քանի որ ազատազրկումը կարող է լինել միայն դատարանի որոշմամբ:
«Օրենքի նախագիծն ընդամենը սահմանում է կարգապահական իրավունքը, տույժն ու դրա տեսակներ: Ես գտնում եմ ու ՊՆ-ի անունից կարող եմ ասել, որ այս տույժի վերացումն ունենալու է դրական նշանակություն` իհարկե ամբողջական չբացառելով այն բացերը, որոնք հիմա կան: Այն շատ ավելի հստակ ու թափանցիկ հնարավորություն է` վերահսկելու հրամանատարի գործունեությունը»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով` կարգապահական մեկուսարանի փոխարենը կիրառվելու է խստացված ռեժիմով ծառայություն:
«Բոլոր կարգապահական տույժների համար անցկացվելու է ծառայողական քննություն, արդյունքները կտրվեն զինվորին, ու վերջինս կարող է այն բողոքարկել»,- պարզաբանեց Ա.Նազարյանը: