12/03/2011 15:10
«Ջավախքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի»
Ջավախքը, գտնվելով կոմունիկացիոն խաչմերուկում և լինելով տարանցիկ ճանապարհ, մեծ նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ Ամերիկայի ու Եվրոպայի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ջավախքցի փորձագետ Ղևոնդ Մկրտչյանը:
Ըստ նրա` ջավախահայերի համար չափազանց կարևոր է Հայաստանի ակտիվ գործունեությունը և նրանց հանդեպ տարվող քաղաքականությունը. «Ես չեմ վարանում ասել, որ Ջավախքում հայապահպանումն ու սոցիալական ամրությունը Հայաստանի պետականության պահպանման կարևորագույն գրավականն է, և Ջավախքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Սակայն Հայաստանի իշխանությունները տարբեր առումներով փորձում են հիասթափեցնել Ջավախքին ու Ջավախքի ժողովրդին»։
Որպես օրինակ, նա նշեց վրացական պետհամարանիշերով մեքենաների Հայաստան մուտք գործելու ռեժիմի սահմանափակումը կամ «ոչ ադեկվատ քաղաքականությունը» ջավախահայ կամ վիրահայ բնակչության նկատմամբ:
Ղ. Մկրտչյանի խոսքերով` վիրահայերն այսօր հիասթափված են իրենց նկատմամբ վարվող Հայաստանի քաղաքականությունից, ինչը մեծ հարված է նրանց համար։
«Ջավախքի բնակչության մեծ մասն իրեն դիտում է Հայաստանի կարևոր բաղկացուցիչը և փորձում է ամեն գնով կապ պահպանել հայաստանաբնակ իր հայրենակիցների հետ։ Նախկինում ջավախահայերն իրենց արտասահմանյան չվերթները կատարում էին Հայաստանի օդանավակայաններից, սակայն այժմ իրենց չվերթներն իրականացնում են Թբիլիսիի օդանավակայաններից։ Ցավոք, Հայաստանի ոչ ճիշտ քաղաքականության հետևանքով ջավախահայերը մեծ հիասթափություն են ապրել»,- ասաց ջավախքցի փորձագետը: