30/03/2011 11:56
«Լուսակերտը» չարաշահել է գերիշխող դիրքը. տուգանքը` 100 մլն դրամ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր նիստում որոշեց տուգանք կիրառել հավի ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ: Հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ այս ընկերության կողմից իր արտադրանքը շուկա չհանելու հետևանքով ստեղծվել է դեֆիցիտ. երևույթը գերիշխող դիրքի չարաշահում է: Տուգանքը կկազմի 100 մլն դրամ` 2009 թ. հասույթի 2 %-ի չափով:
Հիշեցնենք, որ ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում 2010-ի դեկտեմբերին հանրապետության առևտրի կետերում արձանագրված ձվի դեֆիցիտի և իրացման գների կտրուկ բարձրացման առնչությամբ Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություններ էր սկսել հավի ձվի շուկայում: Ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը տեղեկատվություն է պահանջել ձվի շուկայում գործող առավել մեծ իրացման ծավալներ ունեցող 6 տնտեսվարող սուբյեկտներից, որոնք են. «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա», «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա», «Աշտարակ ձու», «Լուսակերտի Հարություն թռչնաֆաբրիկա» և «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»: Ամփոփելով կատարված ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքները` այս տարվա մարտի 12-ին Հանձնաժողովը որոշում կայացրեց վարչական վարույթ հարուցել «ԼՏԹՖ» ընկերության նկատմամբ: Այս պահին ընթացքի մեջ է նաև «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ հարուցված վարչական վարույթը: Նշենք, որ վերջիններս Հանձնաժողովի կողմից ճանաչվել են որպես գերիշխող դիրք ունեցող:
Պարզվել է, որ ձվի դեֆիցիտի և իրացման գների կտրուկ ավելացման օրերին ձու արտադրողների մոտ պահեստավորված է եղել մեծ քանակի ձու, որի գերակշիռ մասը պատկանել է «ԼՏԹՖ» ընկերությանը: Այսպես, 2010-ի դեկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, երբ խանութներում ձու չկար, արտադրողների մոտ ձվի միջին օրական մնացորդը կազմել է ավելի քան 4.5 մլն հատ, որի 83 %-ը բաժին է ընկել հենց «ԼՏԹՖ»-ին: Դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում, երբ խանութներում առկա է եղել ձվի չբավարարված պահանջարկ, «ԼՏԹՖ»-ն իր արտադրանքի մի մասը խանութներ չի առաքել, այսինքն չի իրացրել արտադրված ձվի ամբողջ քանակը, ինչն էլ նպաստել է դեֆիցիտի առաջացմանը:
«Լուսակերտի» ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը չհամաձայնեց ներկայացված թվերի հետ, սակայն այլ` լուրջ առարկություններ չուներ:
Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում նաև բացահայտվել են կեղծ փաստաթղթեր, որոնք կփոխանցվեն հարկային մարմիններին և ՀՀ Դատախազություն: