20/04/2011 12:42
«Գետաշեն» երգը 43 հայ երեխա է փրկել
Այս տարի լրանում է հանրահայտ «Գետաշեն», «Պատերազմ ենք գնում», Հայեր միացեք» և մի շարք այլ ազգագրական-հայրենասիրական երգերի հեղինակ Գուսան Հայկազունի 60-ամյակը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գուսանը նշեց, որ երգերը ծնվել են ինքնաբուխ, ինքը նոտաներ անգամ չգիտի, և չնայած այժմ էլ տարիներ են անցել, սակայն այդ երգերը սիրված և հարազատ են ժողովրդին` ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
«1980-ական թվականներին` մինչև շարժումը, բուռն վերելք ապրեց ազգային երգը: Հասարակությունը լավ երգի կարիքը միշտ ունի»,- շեշտեց Հայկազունը և տեղեկացրեց, որ մասնագիտությամբ շինարար-ինժեներ է և ոչ մի կապ չի ունեցել երաժշտության հետ:
90-ական թվականների սկզբներին ծնված հայրենասիրական երգերը, հեղինակը համարում է, որ ծնվել են ճիշտ ժամանակին, որոնց թվում «Միացեք հայերը», որը ծնվել է շարժման տարիներին` Միացեք հայեր վանկարկումներից ոգեշնչված:
Ինչ վերաբերում է «Գետաշեն» երգին, ապա Գուսան Հայկազունը մի պատմություն պատմեց 1992թ.-ի Շահումյանի գաղթի վերաբերյալ, երբ հայկական ջոկատներից մեկը` Արամայիս Մկրտչյանի հրամանատարությամբ, դիրքեր էր գրավել Շահումյանի և Մարտակերտի անտառներում` ապահովելու անվտանգ գաղթը: Զինվորները գալիս հրամանատրին ասում են, որ անտառներում հայ երեխաների ձայներ են լսվում, սակայն ոչ ոք զինվորների արձագանքներին չի պատասխանում: Հրամանատարը շարում է ամբողջ գունդը և պատվիրում է երգել «Գետաշեն» երգը:
«Ջոկատը երգում է Գետաշենը, և թփուտների միջից 80 տարեկան ծերունի է դուրս գալիս միփողանի հրացանով` հետևից 43 որբ երեխաներ, որոնց հասցնում են Ստեփանակերտ»,- հուզմունքով հիշեց Գուսանը:
Անդրադառնալով սիրված «Պիտի գնանք» երգին, որը կոչ է անում գնալ Էրգիր, նա նշեց, որ կուզենա` 5 տարի հետո այդ երգը չկատարվի, երգի կարիքը չզգացվի. «Մենք հասնենք մեր ազգային նպատակներին` էլ ինչի՞ պիտի երգենք»: