28/04/2011 14:59
Սոցիոլոգ. Քաղաքական դաշտը մասնատվելու միտում ունի
ՀՅԴ-«Ժառանգություն»-ՀԱԿ դաշինքի ձևավորումն առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ անհնար է, քանի որ ՀԱԿ-ի առաջնորդը ժամանակին անարդար է գտնվել երկու կողմերի նկատմամբ` դատ-դատաստան է տեսել ՀՅԴ Վահան Հովհաննիսյանի և ԱԳ նախարարի պաշտոնից հեռացրել Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
«Այսօր ՀԱԿ-ը փորձում է ընդդիմադիր դաշտը փակել իրենով և, գալով կենտրոն, հնարավորություն է ստանում երկխոսել, համագործակցել իշխանամետ ուժերի հետ, որն ամենաբարենպաստ տարբերակն է»,- ասաց նա:
Ըստ Ա. Ադիբեկյանի` ՀԱԿ-ն այսօր համագործակցում է ոչ թե հանուն համագործակցության կամ ազգի շահերի, այլ հանուն իշխանության գալու. «Մենք ունենք նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի մեկական աթոռ։ ՀԱԿ-ը չի ուզում երկրորդը լինել, իսկ առաջինը լինել նրան պարզապես չեն թողնի: Կա նաև «Բարգավաճ Հայաստանը», որ հավակնում էր լինել առաջինը, որը սակայն դեմ չի մնալ երկրորդը: Հարց է ծագում` ո՞րը կլինի երկրորդը` ՀԱ՞Կ-ը, թե՞ ԲՀԿ-ն»:
Նա նշեց, որ ԲՀԿ-ն ռեսուրսային առումով գերակայում է ՀԱԿ-ին, իսկ ՀԱԿ-ն էլ բավականին վարկանիշային է ընդդիմադիր դաշտում:
Ըստ Ադիբեկյանի, միավորման խնդիրը մեզ մոտ ցավալի վիճակում է: Նրա խոսքերով՝ քաղաքական դաշտում ավելի շատ կա մասնատվելու, քան միավորվելու միտում:
Այսօրվա դրությամբ, ինչպես նշեց սոցիոլոգը, դաշտում տիրապետող, գերհզոր դիրք ունի ՀՀԿ-ն, իսկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը 8 տոկոսից չի իջել, ՀՅԴ-ն ունի 5-7 տոկոս, ՀԱԿ-ի վարկանիշը տատանվում է 20 տոկոսի սահմաններում:
Սոցիոլոգն ընդգծեց, որ արտահերթ ընտրություններն անհնար են. «Երբ ընդդիմադիրը գնում է դեպի կենտրոն բանակցելու, ապա լիբիա-արաբական սցենարը բացառվում է»: