09/05/2011 13:17
Մայիսի 9-ը պարտադրում է մտածել հայրենատիրության մասին
Այսօր Եռաբլուրում Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) և Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները ՀԱՄ Արցախյան ազատամարտի մասնակիցների խորհրդի և Հոգևոր հանձնախմբի քրմի թեկնածուների հետ միասին նշեցին Հաղթանակի տոնը:
«Հայ նվիրյալ նահատակների պատվին կատարվեց հայ-արիական (հեթանոսական) ծիսական արարողություն և փառաբանվեցին արցախյան պատերազմի ընթացքում զոհված հայորդիները: Քրմական ծես կատարվեց նաև արցախյան պատերազմից հետո ողջ մնացած հայորդիների, ովքեր այսօր էլ շարունակում են իրենց հայրենակերտ ու ազգանվեր գործը և թիկունքում օրնիբուն աշխատած մարդկանց համար, առանց որոնց անհնարին կլիներ մեր փառահեղ հաղթանակը:
Հայ արիներն ու ազգայնականները եղան նաև Վահագն Աստծո արձանի մոտ, փառաբանեցին Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնին` ուժի և հզորության, կամքի և հետագա հաղթանակների ապավեն ստանալու բաղձանքով:
Արցախյան ազատամարտի վճռորոշ ու բեկումնային մարտերից էր Շուշիի ազատագրումը և այսօր այդ փառավոր օրվա 19-րդ տարեդարձն է: 1992թ. մայիսի 9-ը նախաստեղծ հողն էր ադրբեջանական պարտության և 1994թ. թշնամու աղերսանքով կնքված զինադադարի:
Մայիսյան այս օրերին հայությունը նշում է նաև Երկրապահի տոնը (մայիսի 8-ին) և 1945թ. 2-րդ աշխարհամարտում կռած Հաղթանակի տոնը (մայիսի 9-ին), երբ խորհրդային բանակի կազմում մարտնչող հայ զինվորները Բեռլինում պարեցին Հայոց Քոչարին... Հայ արիականներն ու ազգայնականները շնորհարվորում են հայությանը նաև այս կապակցությամբ:
Տոնական արարողությունը եղավ ՀԱՄ կենտրոնական գրասենյակում, որին մասնակցեցին նաև արցախյան և հայրենական պատերազմների բազմաթիվ մասնակիցներ:
Հավերժ փա՛ռք հանուն ազգի նահատակված նվիրյալներին, նաև մարտնչած ու դեռ կյանքով լեցուն հայորդիներին: Մեր պատմության հաղթական օրերը մեզ պարտադրում են այսօր էլ մտածել հայրենատիրության մասին», - ասված է Հայ Արրական Միաբանության և Հայ Ազգայնականների Համախմբմբման համատեղ հաղորդագրությունում: