10/05/2011 15:08
Հրապարակվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «սև ցուցակը»
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյան, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան, Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Կարաքեշիշյան, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյան. սրանք այն պաշտոնատար անձիք են, ովքեր հայտնվել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «սև ցուցակում»: Հրապարակելով այս տվյալները` ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ այս պաշտոնյաները խախտել են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, ընդ որում` առողջապահության նախարար Հ. Քուշկյանն այս ցանկում արդեն երկրորդ անգամ է հայտնվում:
«Այս ցանկից Առողջապահության նախարարությունը որևէ արձագանք չի տվել ուղարկված հարցմանը, և այս տարի սեպտեմբերի 28-ին տարեկան տվյալների մրցանակաբաշխության ժամանակ Հարություն Քուշկյանը «ժանգոտ կողպեք» մրցանակի առաջնային թեկնածուներից է»,- հայտնեց Շ. Դոյդոյանը:
Նրա տեղեկացմամբ, ԱԻՆ-ը պատասխանել է հարցմանը, սակայն դա եղել է ոչ այն հարցերի մասին, որ պահանջել են ԻԱԿ ներկայացուցիչները, իսկ Հյուսիսային համալսարանի ռեկտորին ուղղված հարցումը, թե որքա՞ն միջոց է ծախսվել համալսարանի վերանորոգման համար, անպատասխան է մնացել:
«Ստեփանավանի քաղաքապետի առումով հետաքրքիր իրողություն ի հայտ եկավ, որ եթե տեղեկատվությունը գերազանցում է 10 էջը, հաջորդ յուրաքանչյուր էջի համար պետք է վճարել 500 դրամ: Սա այն դեպքում, երբ օրենքով սահմանված է, որ պետք է վճարել միայն տպագրության ծախսը, իսկ պատճենահանման կամ տպագրական այլ ծախսերի համար առավելագույնը մեկ էջի համար 100 դրամ կարող է սահմանված լինել»,- նկատեց ԻԱԿ նախագահը:
Շուշան Դոյդոյանը նշեց, որ խախտումները շատ են հատկապես ժամկետների հարցում: Այդ առումով ըստ ԻԱԿ տվյալների, ամենալավ ցուցանիշն ունի Մշակույթի նախարարությունը, որը հարցմանը պատասխանել է 4 օրվա ընթացքում:
«Այսինքն` միայն մեկ կառույց է, որ օրենքի սահմանած առավելագույն 5-օրյա ժամկետի ավատրին մոտ է պատասխանել»,- ասաց Շ. Դոյդոյանը` ավելացնելով. «Մշտապես նման «սև ցուցակներ» կան, ընդ որում, պաշտոնյաները լրագրողների հարցումներին ավելի դժվարությամբ ու զգույշ են պատասխանում, քան քաղաքացու դեպքում: Սովորական քաղաքացու կարավիճակով դիմելը երբեմն ավելի արդյունավետ է լինում»:
Վերջում Շ. Դոյդոյանը հավելեց, որ անկախ հարցումից, անկախ նրանից, թե հարցումը որքա՞ն է նյարդայնացրել կառույցին, պարտավոր են պատշաճ պատասխան տալ հարցումն ուղարկած քաղաքացուն:
Նշենք նաև, որ հարցումների 88 տոկոսի դեպքում ստացվել է լիարժեք պատասխան: