16/05/2011 13:39
Սոցաշխատող. էրոտիկայի, բռնության, պասիվության քարոզի մասին
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, սոցիալական աշխատանքի մասնագետ Աննա Ոսկանյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանում բռնությունն արտահայտվում է բոլոր մակարդակներում. «Մեզ ցույց են տալիս, սերմանում են, որ ուժեղը ճիշտ է, բռնությունը լուծում է»:
«Օրինակ հեռուստատեսությամբ էքսկլյուզիվ նյութերի ցուցադրումը, նույն «Աննա» սերիալում աղջկան բռնության ենթարկելու պահը , և թե հետո Աստված ինչպես պատժեց... Բայց հասարակության արձագանք` չկա: Ցանկացած հասարակությունում գոյություն ունի սահման, թե որ մասը կարելի է ցուցադրել. մեզ մոտ ամբողջը բարձիթողի վիճակում է»,- ասաց նա:
Որպես խոսքերի հավաստում` սոցիալական աշխատողը խորհուրդ տվեց անցնել թերթի կրպակների մոտով և տեսնել, թե որքան էրոտիկ նյութեր են տեղադրված:
Ա. Ոսկանյանի խոսքով` երեխան արհեստականորեն դրվում է նման միջավայր:
«Եկեք հիշենք, թե քաղաքում ինչքան տեսանյութ է պտտվում սաունայում պետական գործիչների մասնակցությամբ: Մեզ մոտ ասում են` «բաշարեց, արեց», այսինքն` պատժելիություն չկա»,- ասաց նա` հավելելով, որ բռնության պատժելիության տեսանկյունից ինքը կողմ է եվրոպական արժեքներին, որը չի իդեալականացնում, բայց եղածից լավագույնն է:
Չնայած Ա. Ոսկանյանը չներկայացրեց բռնության հետ կապված վիճակագրական տվյալներ, բայց ասաց, որ հավաստի կարող է պնդել, որ բռնության դեպքերն աճել են:
«Երեխաների 80 տոկոսը ենթարկվում է պարբերական բռնության: Այսօր ֆիզիկական և սեռական բռնություններն են աճել, քանի որ վերահսկողությունն ընտանիքի նկատմամբ խիստ թուլացել է»,- պարզաբանեց նա:
Մասնագետի պնդմամբ` սեռական բռնությունը բռնության զարգացումն է, որը սկսում է հոգեբանական բռնությամբ ու նույն շղթայի ծայրահեղ կետն է:
«Բռնությունը կանգ չի առնում ու խորանում է: Այն բավականին էֆեկտիվ վերահսկողության միջոց է , ու ինչպես ցանկացած թմրանյութ, ամեն անգամ դրա կարիքն ավելի բարձր դոզայով է զգացվում: Չեմ ասում, որ ցանկացած բռնություն բերելու է սեռականի, բայց դա բռնության շղթայի շարունակությունն է»,-եզրափակեց նա: