01/06/2011 10:40
Նկարչական մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ից 18-ը
Այսօր համահայկական նկարչական մրցույթի մեկնարկից անմիջապես հետո կգործի մրցույթի պաշտոնական կայքը` www.paintingday.sunchild.org, որտեղ իրենց նկարների օն-լայն տարբերակները տեղադրելու հնարավորություն կունենան աշխարհի տարբեր ծայրերում ապրող 5-16 տարեկան բոլոր երեխաները:
Այս տարվա մրցույթի թեմաներն են` «Իմ երազած կենդանաբանական այգին», «Իմ հայրենի բնությունը», «Ես ծառ եմ»: Այս մասին տեղեկացնում են «Արևորդի» բնապահպանական կազմակերպության հանրային կապերի բաժնից:
Մրցույթը կշարունակվի մինչև 2011 թ-ի սեպտեմբերի 1-ը: Հաղթողներին որոշելու են ոչ միայն անկախ ժյուրին, այլև մրցույթի կայքէջի այցելուները: Քվեարկությունից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Երևանի կենդանաբանական այգուն: Համահայակական նկարչական 4-րդ մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ից 18-ը կայանալիք «Արևորդի» 3-րդ բնապահպանական միջազգային փառատոնի շրջանակում:
Հիշեցնենք, որ համահայկական նկարչական մրցույթն իրականացվում է 2008 թ-ից: Նախորդ տարի մրցույթին ներկայացվել են ավելի քան 2500 նկարներ, որոնցից շուրջ 500-ը` սփյուռքից: