14/06/2011 14:02
Հայաստանյան տուրիզմի խնդիրները
Տուրիստական հանգստի ամառային շրջան. ներգնա և արտագնա տուրիզմի հիմնախնդիրներ։ Այս թեմայի շուրջ այսօր խոսեցին «Հյուրանոցների ասոցիացիայի» նախագահ Հակոբ Հակոբյանը և «Տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ» Ռոբերտ Մինասյանը։
Ռոբերտ Մինասյանը նշեց, որ ոլորտում նախ պետք է լուծել ենթակառուցվածքների զարգացման հարցը, ինչն իր հերթին կխթանի ընդհանուր ոլորտի զարգացումը։ Կարևորեց նաև գնային քաղաքականության և սպասարկման մակարդակի հարցը։
«Պետք է քաղաքականությունն ու մոտեցումը փոխվի, պետությունը կարող է մեծ դեր խաղալ գնային քաղաքականության մեջ։ Կարող է պայմաններ ստեղծել նոր ինվեստորների համար, որ նոր հյուրանոցներ կառուցեն. տուրիստական կարգի հյուրանոցներ, որ մարդիկ հանգստանան և օգտվեն մնացած բոլոր ծառայություններից։ Լուրջ խնդիր է նաև սպասարկման հարցը, քանի որ այսօր սպասարկման ոլորտի աշխատողների գրեթե 90%-ը չունի մասնագիտական կրթություն և որակավորում »,- նշեց Ռոբերտ Մինասյանը։
Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանի փոխանցմամբ,այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներգնա տուրիզմի ոլորտում զգալի աճ է գրանցվել։
«Հայաստան են այցելում հիմնականում Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից. Երկրներ, որոնցից յուրաքանչյուրն ունի տուրիզմի յուրահատուկ շուկա։ Այսօր մայրաքաղաքի հյուրանոցներում կապված հանգստյան սեզոնի հետ 50-80% զբաղվածություն է գրանցվում։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև հյուրանոցի տեղակայվածության և սեզոնային շրջանների հանգամանքը»,-ասաց Հակոբ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա պետբյուջեով զբոսաշրջության զարգացման նպատակով 50 մլն դրամ է առանձնացվել, որը կուղղվի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսներին մասնակցելու, գովազդային-տեղեկատվական նյութեր հրապարակելու, օտարերկրյա լրագրողների համար ճանաչողական շրջագայություններ կազմակերպելու համար:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կանխատեսումներով, այս տարի Հայաստան կարող է այցելել 800 հազար զբոսաշրջիկ: