17/06/2011 18:11
Գողություն կինոթատրոնից. Հրապարակվեց Հովակիմյանի ցուցմունքը
Այսօր Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարկվեց 2010 թ.-ի հունվարի 10-ին Մոսկվա կինոթատրոնում կատարված գողությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի` նախկին դատավորի օրոք տված ցուցմունքը:
Նա մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Դեռևս նախորդ դատական նիստում Ստեփան Հովակիմյանը հրաժարվեց ցուցմունք տալ` փոխարենը նշելով, որ կարող են հրապարակել իր նախորդ ցուցմունքը:
Նախորդ դատական նիստին հարցաքննվեց նաև մեղադրյալ Վահրամ Քերոբյանը, ով հրաժարվեց պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին, քանի որ նախաքննական մարմինը «ճիշտ չի գնահատել իր ցուցմունքները»: Վահրամը միայն հայտարարեց, որ իր նկատմամբ առաջադրվել է ապօրինի մեղադրանք, և որ ինքը որևէ կապ չունի գողության հետ:
«Քննիչի երևակայության արդյունքն է այն, թե իբր Ստեփանը հեռախոսով ինձ ուղղորդել է դեպքի վայրում: Իրականում, մենք զրուցում էինք ատամնաբույժին վճարելու մասին»,- ասել էր Վահրամ Քերոբյանը:
Ինչ վերաբերում է ինքնախոստովանական ցուցմունքին, որն էլ, ըստ էության, քրեական գործի հիմքում է դրված, Ստեփան Հովակիմյանը պնդում է, որ «այնտեղ գրված ոչ մի, այսպես կոչված, «փաստ» չի հաստատվում»:
Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը կալանավորված են արդեն մեկ տարուց ավելի: Քրեական գործը դեռևս քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Նրանց մեղադրում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80000 դրամ և 10000 ռուսական ռուբլի գողանալու մեջ: Նրանց սպառնում է ազատազրկում` 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ստեփան Հովակիմյանի ցուցմունքը ներկայցնում ենք ամբողջությամբ` http://stepanhovakimyan.wordpress.com/2010/12/26