08/07/2011 17:27
Ի՞նչ «երեսով» են ուզում ներկայացնել Գանձասարը
Օրերս սոցիալական և որոշ լրատվական կայքեր ահազանգում էին. փրկենք Գանձասարը: Տարբեր լուսանկարներ և երիտասարդական կազմակերպությունների նամակներըվկայում էին, որ 13-րդ դարի հայկական ճարտարապետության գոհարներից մեկի` Գանձասարի վանական համալիրի պարիսպները ենթարկվում են մարմարե սալիկներով այլանդակման:
Հայտնի է, որ համալիրի վերականգման համար գումարներ տրամադրած բարեգործը մոսկվայաբնակ Լևոն Հայրապետյանն է:
Այս առիթով հայտարարությամբ հանդես եկավ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության, ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը: Նա նշեց, որ դեռ մարտ ամսին վարչությունը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որտեղ նշվում էր այդ գաղափարի իրականացման մասին: Սարգսյանի խոսքերով, վարչությունը նման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տվել` պատճառաբանությամբ, որ «այն կվնասի պատմական միջավայրը»: Ս. Սարգսյանը հավելել էր նաև, որ երեսպատումն անօրինական է արվում: Նրա կարծիքով` պատերի երեսպատումը կարող է խոչընդոտ հանդիսանալ նաև համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հարցում»:
Նա տեղեկացրել էր, որ դիմում են ուղարկել Հայաստանի մշակույթի նախարարություն, որպեսզի այնտեղից ևս փորձագետների եզրակացություն ստանան:
Այդ պատմության, նամակի և ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշման մասին պարզաբանումներ ստանալու նպատակով Aysor-ի թղթակիցը զրուցեց Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանի հետ: Նա տեղեկացրեց, որ երեկ նախարարությունը դիմել է ԼՂՀ հուշարձանների պահպանության բաժին և արդեն այսօր Ղարաբաղի կառավարությունը պետք է որոշում կայացնի և հանդես գա հայտարարությամբ: Իսկ այս պահին աշխատանքները դադարեցված են: Դուրգարյանի խոսքերով` մի քանի տարի առաջ ևս նման աշխատանքներ են ձեռնարկվել և նախարարությունը նորից իր բացասական կարծիքն է արտահայտել. «Այն ժամանակ զբոսաշրջության վարչությունն է դիմել Կառավարություն և խնդիրը հարթվել է, աշխատանքները դադարեցվել են: Այս անգամ կարծիք կա, որ ոչ թե 13-րդ դարի պատն են վերանորոգում, այլ նորը` 19-րդ դարում կառուցվածը: Այս դեպքում պետք է այնտեղ ուսումնասիրություն կատարվեր և լիներ ինչպես հուշարձանների պահպանության վարչության, այնպես էլ տեղի կառավարության եզրակացությունը»: Թե ինչո՞ւ այս անգամ նույնպես աշխատանքները ժամանակին չեն կանխվել տեղի պատասխանատուների կողմից հարցին, Դուրգարյանը պատասխանեց, որ նախորդ անգամ հնչեցրած բացասական պատասխանների պարագայում չեն մտածել, որ կարող են աշխատանքները վերսկսվել և խիստ հետևողական չեն եղել. «Չենք կարող ամեն ամիս կարծիք արտահայտել և ասել, որ չի կարելի»,- ասաց նախարարության աշխատակիցը:
Aysor-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք վանական համալիրի վերականգնումը հովանավորող բարերարը տեղյա՞կ է աշխատանքների նման ընթացքից, հնչեց պատասխան, որ «այդ մարդը մասնագետ չէ և գուցե չի հասկանում». «Չի բացառվում նաև, որ իրեն հավատացրած լինեն, թե ձևն այդպես է: Այդ պատճառով պետք է քննարկում լիներ` հասկանալու համար, թե վերականգնում են որպես 13-րդ դարի՞, թե՞ նոր կառույց, որը պատմամշակութային հուշարձան չէ»:
Այս պահին «վերականգնողական» աշխատանքներ չեն ընթանում: Դուրգարյանի խոսքերով` դրանք դադարեցվել են այնքան ժամանակ, մինչև ԼՂՀ կառավարությունը խնդիրը կուսումնասիրի և հայտարարություն կանի: Եթե որոշում կայացվի, որ նմանատիպ վերականգնումն անթույլատրելի է, հետևաբար կքանդվի նաև մինչ այդ արված աշխատանքը: Իսկ եթե որոշվի համալիրը վերածել նոր կառույցի, ապա հետագա աշխատանքների մասին կտեղեկացվի արդեն տեղի իշխանությունը:
Մինչ կորոշվի, թե պատմական համալիրն ի՞նչ «երեսով» պետք է այսուհետ հանդես գա, հիշեցնենք, որ այդ նույն «նորաոճ» վերականգնման պատճառով Նորավանքը չընդգրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում, քանի որ Հունաստանից մեր երկիր ժամանած փորձագետ Ալկիս Պրեպիսը, մոտենալով Նորավանքին, տեսավ այնտեղ տեղադրված նոր դարպասները և մերձակա տարածքում գործող սրճարանը: