16/07/2011 13:35
Շուշին կներկայանա իտալացի վարպետների քանդակներով
«15 քանդակ ամեն տարի և 10 տարի անց Շուշին կզարդարեն 150 քանդակ` վերածելով քաղաքն իրական թանգարանի բաց երկնքի տակ»,- այսպես բնորոշեց հայ-իտալական համատեղ նախաձեռնությունը քանդակագործ Վիգեն Ավետիսը:
Իսկ ամեն ինչ սկսվել է դեռևս 2009թ-ին, երբ ՀՀ մշակույթի նախաձեռնությամբ ու հրավերով Հայաստան էր եկել Վիգեն Ավետիսը` իտալացի հռչակավոր արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոյի հետ` մասնակցելու Մինաս Ավետիսյանի հոբելյանական ցուցահանդեսին:
Այսօր արդեն իտալացի քանդակագործներին Հայաստան են բերել բազմաթիվ նպատակներ` դասախոսություններ, վարպետության դասեր, ցուցահանդեսներ, կինոդիտումներ և, որ ամենակարևորն է, քանդակների ստեղծում, որի արդյունքում մասնակից 15 արվեստագետներից յուրաքանչյուրն ազատ թեմայով կկերտի իր քանդակը շուշվա կրաքարից` այն նվիրելով քաղաքին: Իսկ նյութի ընտրությունը պատահական չի, այդ նույն քարով է կառուցված Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին:
Հուլիսի 15-29-ը Շուշիում անցկացվող ամենամյա նախաձեռնության անդրանիկ «Հակոբ Գյուրջյան» քանդակի սիմպոզիումը կազմակերպվել է ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարությունների, Երևանի և Շուշի քաղաքապետարանների, «Նարեկացի» արվեստի միության և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի աջակցությամբ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը հավատացրեց, որ ցանկության դեպքում իրականանում են բոլոր երազանքները. «Այս նախաձեռնության առաքելությունը` Շուշին իբրև մեր ազգի մշակութային մայրաքաղաք ներկայացնելն է: Եվ այն, որ Իտալիան միանում է այդ նպատակին` արդեն հրաշք է»:
Սիմպոզիումի ողջ ընթացքը կվավերացվի իտալական «Ստուդիո Կալլի»-ի կողմից նկարահանվող ֆիլմում, որն, ըստ նախնական պայմանավորվածության, կցուցադրվի իտալական «Ռայ 1» հեռուստաալիքով: Ի դեպ, ֆիլմում պատմվելու է նաև Հայաստանի, Արցախի և Արևմտյան Հայաստանի պատմության ու մշակութային ժառանգության մասին:
Ընդամենը 11 օր և հայկական ոգով ու իտալական վարպետությամբ ստեղծվող քանդակները կենդանություն կառնեն: Զարմանալի է, բայց «Նարեկացի» արվեստի միության հիմնադրի խոսքով` հրաշքներ լինում են: