27/09/2011 15:22
Հայաստանի Ամերիկյան Համալսարանը 20 տարեկան է
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանում Ամերիկյան Համալսարանի հիմնադիրները, ովքեր ԱՄՆ-ից Հայաստան էին ժամանել համալսարանի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար, ներկայացրին համալսարանի ստեղծման պատմությունը, այն հեռանկարները, որ ունի Հայաստանի լավագույն ուսումնական հաստատություններից մեկը։
Սիհրան Աղբաբյանը՝ ՀԱՀ հիմնադիր և պատվավոր նախագահը, խոսեց այն մասին, թե ինչպե՞ս մտահղացավ Հայաստանում նման համալսարան հիմնելու միտքը. «Երկրաշարժից հետո եկել էինք Հայաստան, և այդ ժամանակ այդ միտքը եղավ, որ Գյումրիի քանդված դպրոցների փոխարեն համալսարան հիմնվի»,- ասաց նա։
Հետո արդեն՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանի ու Կալիֆորնիայի համալսարանի օգնությամբ ձեռնամուխ են եղել իրենց մտադրության իրականացմանը։ «Լուիզ Սիմոն Մանուկյանը խոստացավ նյութապես օգնել, իսկ համալսարանի 8 ներկայացուցիչներ 90թ, հունիսին եկան Հայաստան, որպեսզի տեսնեն, թե ի՞նչ հնարավորություններ կան, և հանգեցին այն եզրակացության, որ պետք է հիմնվի նման համալսարան»։
Այս գաղափարին հավանություն է տվել նաև Կրթության նախարարությունը, հավանության արժանացավ նաև ՀՀ կառավարության կողմից, և... Հայ Բարեգործական Ընդհանուր Սիության, Կալիֆորնիայի համալսարանի և ՀՀ կառավարության ջանքերվ հիմնվեց ու բացվեց Հայաստանի Ամերիկյան համալսարանը։
ՀԱՀ հիմնադիր դեկան Արմեն Տեր Կյուրեղյանը ներկայացրեց համալսարանի կրթաորակական առանձնահատկությունները։ Նա նշեց, որ Հայաստանի Ամերիկյան և ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարնների միջև գործում է համաձայնագիր. ըստ որի կառուցվում է նրանց գործունեությունն ու համագործակցությունը։ Բացի այդ, առկա է նաև ուսման որակի հավաստագրային կարգ, որը հաստատում է, որ ՀԱՀ-ն իր ուսման որակով համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, և ուսումնառությունն իրականացնում է Կալիֆորնիայի համալսարանի չափանիշներին համապատասխան։
Հատկանշական է նաև այն, որ համալսարանի դասախոսների մեծամասնությունը դոկտորի կոչում ունեն. նրանք իրենց կրթական աստիճանը ստացել են ամերիկյան և եվրոպական համալսարաններում։
Հայասատանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը նախ ներկայացրեց, թե համալսարանի 20-ամյա տոնակատուրությունների շրջանակներում ինչ մեծածավալ աշխատանքներ են կատարվել, ապա նաև, թե հեռանկարում ինչ անելիքներ կան։
«Մենք այս ընթացքում հավաքել ենք Ամերիկյան համալսարանի պատմությունը, որը կհրապարակվի առանձին գրքով և հասանելի կլինի բոլորին։ Բացի այդ, համալսարանի մասին ֆիլմ է նկարահանվել , որի ցուցադրությունը կկայանա ուրբաթ օրը»,- տեղեկացրեց Բրյուս Պողոսյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանը փորձում է առավել մեծացնել միջազգային կապերը, կրթական գործընթացում ներառել նաև արտասահմանցի ուսանողների։ Համալսարանի նորամուծություններից մեկն էլ այն է, որ ՝ 2012 ուսումնական տարվանից համալսարանը կունենա նաև բակալավրի կրթական ծրագիր։
Բրյուս Պողոսյանն ընդգծեց նաև, որ իրենց շրջանավարտներն աշխատում են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում։ Նրանց թվում կան փոխնախարարներ, բանկերի ղեկավարներ, դասախոսներ։