09/11/2011 20:42
«Նանսենը չընկրկեց անգամ Խորհրդային «երկաթե վարագույրի առջև»»
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով՝ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի կապացությամբ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, ուղերձում ասված է.
«Այս տարի լրացավ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը:
Հայաստանը չէր կարող անմասն մնալ այս հիշարժան իրադարձությանը, քանի որ հարյուր հազարավոր հայերի ճակատագրեր կապված են եղել նորվեգացի այս մեծանուն գիտնականի անվան ու գործունեության հետ։ 2011 թվականը մեր երկրում հռչակվել է անվանի գիտնական-բևեռախույզի, դիվանագետի, հասարակական գործչի և մեծ հումանիստի մեծարման տարի:
Ֆրիտյոֆ Նանսենը միջազգային հանրությանը հայտնի է ոչ միայն որպես խոշոր գիտնական և Նոլբելյան մրցանակակիր, այլև փոքր ազգերի, փախստականների, ռազմագերիների և հալածյալ ու կարիքավոր մարդկանց իրավունքների անխոնջ պաշտպան:
Անցյալ դարասկզբին` Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանության տարիներին, երբ արյան ծովում մահախեղդ արվող մի ողջ ժողովրդի ճակատագրին անհաղորդ մնացին շատ գերտերություններ, հեռավոր Նորվեգիայում ապրող Նանսեն մտավորականն ու քաղաքական գործիչը չկարողացավ անտարբեր մնալ հայ գաղթականների ճակատագրին: Մարդ, որ մինչ այդ հայերին չէր ճանաչել և ծանոթ չէր եղել Հայոց պատմությանը, Ազգերի Լիգայում լսելի դարձրեց արհավիրքից հրաշքով փրկված հարյուր հազարավոր վտարանդիների ձայնը: Ազգերի Լիգայում ղեկավարելով Նորվեգիայի պատվիրակությունը, այնուհետև նույն կազմակերպությունում ստանձնելով Ռազմագերիների, գաղթականների և տնանկների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնը` նա գործի դրեց դիվանագետի իր լիազորություններն ու մարդկային բոլոր կարողությունները` ի նպաստ միջազգային հանրության առջև հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Ցեղասպանության տարագիրների իրավական կարգավիճակի հստակեցման ու նրանցից շատերի` Խորհրդային Հայաստան հայրենադարձման:
Ֆրիտյոֆ Նանսենն իր անունը մեկընդմիշտ միահյուսեց սեփական հայրենիքից օտարվածների ճակատագրին` նոր սկիզբ ապահովելով վերջիններիս և արժանավայել կյանք` նրանց սերունդների համար: Պատմության մեջ հայտնի «Նանսենյան անձնագրեր» ինքնության վկայականների շնորհիվ ռուս, հույն, հրեա փախստականների հետ մեկտեղ, 1915 թվականի Եղեռնի ճիրաններից փրկված հարյուր հազարավոր հայեր նույնպես դարձան «Նանսենական»` իրենց ապաստան տրամադրած երկրներում ձեռք բերելով ապրելու, աշխատելու և նոր կյանք կառուցելու իրավունք:
Նանսենը չընկրկեց անգամ Խորհրդային «երկաթե վարագույրի առջև»` կարողանալով օգնություն հասցնել իր իսկ աջակցությամբ Խորհրդային Հայաստանում բնակեցված հազարավոր հայ գաղթականների: Եվ անգամ ստալինյան վարչակարգի օրոք Խորհրդային Հայաստանի ղեկավարները միջոց գտան Նանսենին իրենց երախտիքի խոսքը հայտնելու` նրան շնորհելով Երևանի պետական համալսարանի առաջին պատվավոր դոկտորի կոչումը:
Այսօր հայ ժողովրդի հավատարիմ ու սրտացավ բարեկամի ծննդյան 150-ամյա տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ գլուխ խոնարհել Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակի առջև և երախտիքի խոսքեր հղել աշխարհի այդ մեծ քաղաքացուն և մեծ մարդուն, որը մեզ բաժին ընկած ճակատագրի դժնդակ օրերին հայ կնոջ շուրթերից որպես աղոթք և ապրելու պատգամ հնչող օրորոցայինը լսելով` ասաց. «Դուք հավատու՞մ եք, որ մի ժողովուրդ, որի հոգում ծնվում է այսպիսի երգ ու երաժշտություն, կարող է երբևիցե վերանալ»:
Նանսենը խորապես հավատում էր մեր ժողովրդի պայծառ ապագային ու դեռևս մեկ դար առաջ հնչած նրա խոսքերն արդեն 21-րդ դարում մեր Անկախ պետության համար պիտի մարգարեություն դառնային. «Հայ ժողովրդի տարեգրության մեջ սկսվում է նոր դարաշրջան: Երկար տարիների տանջանքներից, զրկանքներից, պատերազմի արհավիրքներից ու ավերածություններից հետո ուժեղ, խելոք և նպատակասլաց հայ ժողովուրդը կառուցում է իր երջանիկ ապագան, և Հայաստան երկիրը դառնալու է այնպիսի օրրան, որ հեռվում գտնվող ամեն մի հայ կհամարի իր իսկական հայրենիքը»:
Հայ ժողովրդի համար Ֆրիտյոֆ Նանսենի անունը կմնա որպես աշխարհի խղճի ու բարության խտացված մարմնավորման խորհրդանիշ: Հավերժ փառք անմնացորդ հումանիստին և մարդկային արժանապատվության մեծագույն պաշտպանին»: