07/12/2011 18:02
Տոլման` հայկական ոչ նյութական ժառանգություն
Մշակույթի նախարարությունը «Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ-ին այսօր առաջարկել է տոլման ներկայացնել` որպես հայկական ոչ նյութական ժառանգություն: Այս մասին այսօր զարմանքով, բայց ուրախությամբ լրագրողներին տեղեկացրեց կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Այս դեպքում զարմանքը, նրա խոսքերով, ավելի քան արդարացված է.
«Մենք ամեն տարի մեր կազմակեպությունում նշում ենք գրեթե բոլոր ծիսական տոները` իրենց հատուկ կերակրատեսակներով: Եվ ոչ մի անգամ Մշակույթի նախարարությունն իր աջակցությունը չի առաջարկել»:
Ս. Մամուլյանը նշեց, որ տոլման ըստ արժանվույն գնահատելն ու ներկայացնելը խիստ կարևոր է, հատկապես, երբ դրա թուրքական կամ ադրբեջանական ծագման մասին պաշտոնական մակարդակով խոսում է նույնիսկ Ադրբեջանի նախագահը: Սակայն, Մամուլյանի խոսքերով, նրանց վայրահաչոցները դադարեցին, երբ «Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ-ն այս տարի կազմակերպեց տոլմայի փառատոն, որի մասին պատմող ռեպորտաժները պտտվեցին նաև «CNN»-ով:
«Դրանից հետո ոչ մի արձագանք, սպորտային լեզվով ասած` «նոկաուտի են ենթարկվել»,- ամփոփեց Սեդրակ Մամուլյանը: