15/02/2012 13:34
ԶԼՄ-ները կնպաստեն թափանցիկ, արդար ընտրությունների անցկացմանը
«Այս ընտրություններում լրատվամիջոցների աշխատանքը կտարբերվի, քանի որ այս պահին շատ ակտիվ են սոցիակական ցանցերը, ամեն ինչ բաց է և հասարական վերահսկողություն կլինի ընտրությունների նկատմամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքներին նախընտրական ժամանակահատվածում` ասաց Ազգ օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ի հասարակության գիտակցությունը լրատվամիջոցների նկատմամբ վստահության առումով այնքան էլ զարգացած չէ և հասարակությանը դժվար կլինի կողմնորոշվել հատկապես էլեկտրոնային ԶԼՄ-ների ուղղվածությունը որոշելու համար:
Հ.Ավետիքյանը օրինակ բերեց բազմաթիվ լրագրողների, որոնք ընտրվել են ԱԺ կամ այն ժամանակների Գերագույն Խորհուրդ` Արամայիս Սահակյան, Վարդգես Պետրոսյան, Արկադի Ղուկասյան և այլոց անունները:
Իր հերթին, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ ՀՀ-ում մամուլն այնքան ազատ չի եղել, որքան այսօր է և շնորհավորեց բոլոր լրագրողներին այդ կապակցությամբ:
Հրապարակախոսը նշեց, որ մամուլի ազատությունը հատկապես վերաբերվում է գրավոր մամուլին և էլեկտրոնային ԶԼՄ-ներին. «ԱԺ գալիք ընտրությունները լինելու են մաքուր, թափանցիկ և դրան մեծամասամբ նպաստելու է նաև էլեկտրոնային մամուլը»:
Մ.Տեր-Գուլանյանի կարծիքով, լրագրողները նույնպես ցանկանում են դառնալ ԱԺ պատգամավոր, ինչը նորմալ երևույթ է և լրագրողներից, ովքեր այսօր պատգամավոր են դարձել նա նշեց Լիլիթ Գալստյանին, Նաիրա Զոհրաբյանին. «Լրագրողները մտնելով ԱԺ և հետագայում հրավիրելով մամուլի ասուլիսներ` ազատ կերպով կարտահայտեն իրենց դիրքորոշումները»: