20/02/2012 12:13
Լ.Զուրաբյան.«Հայաստանի ընտրությունները նման են ճակատամարտի»
Հայաստանի ընտրությունները նման են ճակատամարտի, երբ իշխանությունն ամեն բան անում է, որպեսզի իր հակառակարդը մահացու հարված ստանա: ՀՀ ընտրությունների հանրային վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ նման տեսակետ հայտնեց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Որպես թարմ օրինակ՝ նա նշեց Հրազդանի քաղաքապետի ընտրությունները՝ ասելով, որ Սասուն Միքայելյանի քայլն ավելի բարդացրեց իշխանությունների կարգավիճակը:
L.Զուրաբյանն ասաց, որ իրենք, լինելով Ս.Միքայելյանի վստահված անձերը, լավ վերահսկել են Հրազդանի ընտրությունների ընթացքը և ոչ մի կամայականություն չի եղել ընտրատեղամասերում և ընտրությունների ժամանակ. «Սակայն խնդիրն այն է, որ ամեն ինչ տեղի էր ունենում տեղամասից դուրս. Համատիրություններում մարդիկ ստանում էին իրենց հինգ հազար դրամը ու գալիս ընտրության: Համատիրությունների միջոցով իշխանությունը կազմակերպում է ընտրակաշառքների բաժանումը»:
ՀԱԿ համակարգողն աննախադեպ համարեց այն, որ իրենց կողմնակից Ս.Միքայելյանը պաշտոնական տվյալներով հավաքել է 47 տոկոս ձայն: Նա ընդգծեց, որ երբևէ պաշտոնապես նման թիվ չի գրանցվել: «Այնուամենայնիվ, մեզ համար Ս.Միքայելյանը բացարձակ հաղթող է»,- ասաց նա:
Զուրաբյանի խոսքերով՝ Հրազդանում մոտ 4 հազար մարդու ահաբեկել, կաշառել ու բերել են ընտրության՝ նաև նրանց անձնագրերի տվյալները ներառելով:
Այս ամենից, ինչպես նշեց Լ. Զուրաբյանը, իրենք չեն հուսահատվում. «Մենք հասկանում ենք, որ ընտրությունները վերածվել են ճահճացած համակարգի, հետևաբար մենք պետք է ժողովրդին մոբիլիզացնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած ընտրություն օգտագործելու են՝ Հայաստանը վերափոխելու, քաղաքական իրավիճակն առողջացնելու համար: