24/03/2012 11:58
ՀՀ-ում բարձրագույն կրթության համակարգը զարգանում է
«Այսօրվա միջոցառումը ևս մեկ ապացույց է, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգը աշխատում է և մեր ԲՈւՀ-երը գտնում են հնարավորություններ, որպեսզի ապահովեն համապատասխան բազա՝ ուսանողների պրոֆեսիոնալ հմտությունների ձեռք բերման համար»,-այսօր Մ. Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 1 հիվանդանոցային համալիրում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊԲՀ շրջանավարտ, այժմ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մ. Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 1 հիվանդանոցային համալիր և ծանոթացավ վերաբացված նոր բաժանմունքներում իրականացված աշխատանքներին:
Ա.Աշոտյանն ասաց, որ Երևանի Պետական Բժշկական համալսարանը առաջատարներից մեկն է և տարիներ առաջ արդեն իսկ ուներ սաղմեր՝ ապահովելու համար երիտասարդ կադրերի պատրաստումը, ինչպես նաև բուժսպասարկում իրականացնել ազգաբնակչության համար:
Նախարարը նշեց, որ ԵՊԲՀ-ն խոշոր խաղացող է նաև առողջապահական շուկայում` իր լավ մասնագիտական կադրերի և իր լավ վերակառուցված հիվանդանոցների շնորհիվ:
Աշոտյանը վստահություն հայտնեց, որ այսօր վերաբացվող նոր բաժանմունքները կծառայեն ուսանողների, երիտասարդ մասնագետների կարողությունների հետագա ձևավորմանը և օգտագար կլինեն ազգաբնակչության առողջության պահպանման համար: