29/06/2012 19:21
«Օրենքի» մարդիկ ծեծել են եկեղեցու պահակին
Հունիսի 26-ի երեկոյան ոստիկանության Երևանի վարչություն է զանգել մի տղամարդ և ներկայանալով որպես Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու պահակ` հայտնել, որ եկեղեցու բակում իրեն ծեծի են ենթարկել, իր խոսքերով` օրենքի մարդիկ: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետը` օպերատիվ խմբով: Պարզվել է, որ 63-ամյա պահակի ահազանգը համապատասխանում է իրականությանը, իսկ «օրենքի մարդիկ» ոստիկաններ են: Ոստիկանի կերպարն արատավորողներն էին` Արա Կիրակոսյանը` ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի պետի օգնական, ոստիկանության մայոր, նույն պաշտոնի և նույն կոչմամբ Դերենիկ Բալեյանը և նույն բաժնի հերթապահ մասի վարորդ, ոստիկանության ավագ Արմեն Ալեքսանյանը:
Երեքն էլ դեպքի վայրից բերման են ենթարկվել: Պարզվել է, որ նրանք մոմ գնելու հարցի շուրջ վիճաբանել են պահակի հետ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, ձեռքերով հարվածներ տեղացել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Տուժողից ընդունվել է հաղորդում և նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանության պետի հրամանով Արա Կիրակոսյանը, Դերենիկ Բալեյանը և Արմեն Ալեքսանյանը ազատվել են ոստիկանությունում ծառայությունից: Արա Կիրակոսյանը և Արմեն Ալեքսանյանը ձերբակալված են: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: