30/06/2012 11:46
Նոր նախարարությունը` թանկ հաճույք
Այսօր Աղվերանում հավաքվել էին ՏՏ ոլորտի ներկայացուցիչները` հերթական անգամ քննարկելու ոլորտի խնդիրները:
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարը խոսեց պետական սեկտորի և ՏՏ ոլորտի համագործակցության խնդիրների շուրջ, նաև շեշտեց, որ, վերջին շրջանում այս թեմայի շուրջ տարբեր կարծիքներ են հանրայնորեն հնչեցվել:
Տ. Դավթյանը մանրամասնորեն ներկայացրեց էկոնոմիկայի նախարարությունում ՏՏ ոլորտի կառավարման կառույցները, փոխնախարարներ, խորհրդական, վարչություն:
Նախարարը վստահեցրեց, որ ոլորտի համար բավականին լուրջ կազմ է և որոնց հետ կարելի է քննարկել տարբեր խնդիրներ: Կա նաև ոլորտի խորհուրդ, որը ոչ մի ճյուղային ուղղություն չունի:
Տիգրան Դավթյանը նշեց, որ ՏՏ ոլորտին պետական բյուջեից տրվում է 80-100 մլն դրամ, ոլորտը հայտարարված է գերակա ճյուղ, ոլորտին ուղղվում է նաև աջակցման ծրագրեր և վարկային միջոցներ, շուտով կլինի Համաշխարհային բանկի կողմից 24 մլն դոլար, որն ուղղվելու է ոլորտի զարգացմանը, ոլորտի ներկայացուցիչները տարվա կտրվածքով հանդիպում են երկրի առաջին դեմքերի հետ` տարվա ընթացքում տարբեր ձևաչափերով քննարկելով խնդիրները:
Սա է իրավաիճակը, և, ըստ նախարարի, օբյեկտիվ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին, ի մի բերելով ոլորտի խնդիրները, նշեց, որ շուրջ 200 ընկերություններ ստորագրել են ՀՀ նախագահին ուղղված դիմումի տակ` ստեղծելու ոլորտը համակարգող նախարարություն:
Տիգրան Դավթյանը փոխանցեց` կքննարկվի, սակայն համակարգային փոփոխությունների կարիք չկա: «Ես միանշանակ դրան դեմ եմ: Նախարարությունը լուրջ գործընթաց է, սովորաբար նախարարությունները ձևավորում են տարիների ընթացքում, նախարարությունը թանկ հաճույք է»,- համոզվածություն հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը: