14/07/2012 16:08
Մեղադրող կողմը ՀԱԿ ակտիվիստի համար պահանջեց 6 տարվա ազատազրկում
Այսօր` հուլիսի 14-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը: Այսօր վերջապես իր մեղադրական ճառն ավարտել է մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, ով դատավորին խնդրել է Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի 6 ամիս, իսկ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին` 2 տարի ազատազրկման, միջնորդելով, որ Դ. Քիրամիջյանի պատիժը պայմանականորեն չկիրառվի:
Նշենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով, և ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Դատական հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 19–ին, երբ ՀԱԿ ակտիվիստներն ու նրանց փաստաբանները ներկայացնելու են պաշտպանական ճառերը: