25/07/2012 14:45
«Արամ Մանուկյանը չի՞ ցանկանում, որ Սիրադեղյանը վերադառնա»
ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ շնորհակալ է Վանո Սիրադեղյանի՝ Հայաստան հնարավոր վերադարձի հարցի շուրջ հասարակական նախաձեռնություններից, մասնավորապես` «Ելք» շարժումից, բայց որևէ նման կառույցին անդամագրվել չի ցանկանում, քանի որ «իր ընկերների հետ 12 տարի է, ինչ պայքարում է նրա վերադարձի համար»:
Թեև Սիրունյանը նախապես հայտարարեց, որ չի ցանկանում որևէ բան ասել ՀՀՇ-ի վերաբերյալ, սակայն նկատեց, թե չի կարծում, որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և վարչության այլ անդամներ «սրտանց ցանկանում են» իրենց կուսակցական ընկերոջ վերադարձը. «Չեմ կարծում, որ Արամ Մանուկյանը շատ է ցանկանում Վանո Սիրադեղյանի վերադարձը, քանի որ մեկ ամսից ավելի է, որ այս շարժումը ձևավորվել է, և կոնկրետ ՀՀՇ վարչության, ոչ միայն ` Արամ Մանուկյանը, այլ վարչության այլ անդամներ տեսակետ չեն հայտնել: Իսկ Վանո Սիրադեղյանը նաև վարչության անդամ է», -ասաց նա` հավելելով, որ կոնկրետ Արամ Մանուկյանի հետ կապված կարող է «հետաքրքիր պատմություն պատմել»:
«Երբ ՀՀ գլխավոր դատախազը պետք է Ազգային ժողովում միջնորդեր, որ ձեռբակալեին Սիրադեղյանին, Արամ Մանուկյանը, ով այն ժամանակ, եթե չեմ սխալվում, մշակույթի փոխնախարարն էր, անձամբ, ես ներկա եմ եղել, խնդրել է Վանո Սիրադեղյանին, որպեսզի կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի միջնորդությանը, քանի որ ինքն աշխատում է որպես փոխնախարար և կարող են իրեն աշխատանքից ազատել: Եթե մարդիկ փորձեն պատասխանել, իմ այս ասածը հերքեն, ապա կարող եմ թվարկել ևս մի քանի հոգու անուններ», - ասաց Ս.Սիրունյանը:
Նա հրաժարվեց որևէ այլ անուն հնչեցնել` ընդգծելով, որ անուններ կհրապարակի, երբ հերքեն: Դիտարկմանը, թե հերքելու դեպքում անուններ կհայտնի՞, Սիրունյանը նկատեց. «Եթե հասանելի լինեմ, այո'»: